1 մայիսի 2006 - 19:40 AMT
«Կապույտ գրքի» թուրք հրատարակիչները կանգնելու են դատարանի առջեւ
Թուրքիայի Հանրապետական ազգային կուսակցության անդամ, թուրքական խորհրդարանի պատգամավոր Սուկրու Էլեգդակը դատի է տվել «Կապույտ գրքի»` Թուրքիայում հայերի սպանդի վերաբերյալ փաստաթղթերի ժողովածուի թուրքերեն տարբերակի հրատարակիչներին: Հայցում Էլեգդակը պնդում է, որ գրքի թուրքերեն թարգմանության նախաբանում իր հասցեին զրպարտություն է հնչել: Պատգամավորը պահանջում է բարոյական վնասը փոխահատուցել $15հզ. գումարի չափով: Բացի այդ, Էլեգդակը հայց է ներկայացրել Թաներ Աքչամին` «Կապույտ գրքի» թուրքերեն թարգմանության հրատարակիչներին մեկին, նախաբանի հեղինակին, անցյալ տարի Աքչամի կողմից թուրքական «Բիրիքիմ» ամսագրում հրատարակած հոդվածի կապակցությամբ:

Էլեգդակը քննադատվում է այդ հոդվածում, որպես թուրք խորհրդարանականների կողմից իրենց բրիտանացի գործընկերներին ուղղված նամակի հեղինակ, որում պահանջում էին` հերքել «Կապույտ գրքում» տեղ գտած տեղեկությունները: Գրքի թուրքերեն տարբերակի հրապարակողներ Յումիտ Էրդողանը, Թաներ Աքչամը եւ թարգմանիչ Ահմետ Գուները պետք է դատարանի առջեւ կանգնեն ընթացիկ տարվա մայիսի 30-ին: Այդ մասին հայտնում է Regnum-ը` հղում կատարելով «Bianet»-ին:

Նշենք, որ «Օսմանյան Կայսրության վերաբերմունքը հայերի նկատմամբ 1915-1919 թվականներին»(«Կապույտ գիրք») իրենից զեկույց է ներկայացնում, որը հնչել է բրիտանական խորհրդարանում 1916 թվականին: Փաստաթուղթը վկայում է, որ Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում ծրագրված եւ կանխամտածված բնույթ է կրել:

Թուրք խոհրդարանականները 2005 թվականի նոյեմբերին դիմել են Համայնքների պալատ «Կապույտ գրքի հետ հարցը ճշտելու» խնդրանքով: Մեծ Բրիտանիայի արտաքին գործոց նախարարությունը Թուրքիայում իր դեսպան Պիտեր Ուեսթմակոտի միջոցով հայտարարեց, որ հրաժարվում է դիտարկել թուրքական կողմի դիմումը, քանի որ «գրքում ներկայացված նյութերը չեն հերքվել, եւ դրա հեղինակներ լորդ Բրայսի եւ պատմաբան Արնոլդ Թոյնբիի հեղինակությունը չի կարող կասկածի տեղիք տալ»: