10 մարտի 2014 - 14:10 AMT
Խորհրդարանը նորից մերժեց՝ «Մարտի 1-ի հարցով» ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվի

«Մարտի 1»-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ևս մեկ ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվի։ Այսօր՝ մարտի 10-ին, քառօրյայի մեկնարկին խորհրդարանը 46 «կողմ», 66՝ «դեմ» ու 1 «ձեռնպահ» ձայներով մերժեց «Հայ ազգային կոնգրեսի» հեղինակած նախագիծը, որը քննարկվել էր նախորդ քառօրյայում։

2008-ի փետրվարին կայացած նախագահական ընտրություններից հետո ՀԱԿ-ը չէր ընդունել դրանց արդյունքները, ըստ որոնց իր թեկնածությունն առաջադրած ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը զբաղեցրել էր 2-րդ տեղը, ու որոշել էր պայքարը շարունակել Ազատության հրապարակում՝ օր ու գիշեր: Մարտի 1-ի գիշերը բախվել էին ոստիկանությունը, ընդդիմությունն ու հրապարակում գիշերած նրանց կողմնակիցները։ Արդյունքում 10 մարդ էր զոհվել՝ 8 քաղաքացի, 2 ոստիկան, 200-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել: Երկրում արտակարգ դրություն էր հայտարարվել, որը հանվել էր միայն 20 օր անց։

Քվեարկությունից առաջ վարման կարգով ձայն խնդրելով, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ կողմ են քվեարկելու որոշման նախագծին, ինչպես նաև կոչ արել մյուսներին նույն կերպ վարվել։

«Մեզ համար մեկ կենտրոնի կողմից կառավարվող լրատվամիջոցների հարցերը տաբու չեն` այդ հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու համար»,- նշել է Զոհրաբյանը, գրում է Panorama.am-ը: ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իր հերթին ասել է, որ դեմ են քվեարկելու:

«Ուսումնասիրել ենք երեք հանձնաժողովի աշխատանքներն ու այս պահին նպատակահարմար չենք գտնում մեկ այլ հանձնաժողով ստեղծելը»,- ասել է Գալուստ Սահակյանը:

2013-ի մարտի 15-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում որոշվել էր Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: Նախագծի հեղինակները ՀԱԿ խմբակցության պատգամավորներն էին։ Հարցը հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկվել էր ԱԺ մեծ և քառօրյա նիստերի օրակարգ:

Բայց մայիսի 20-ին քնվեարկության արդյունքում խորհրդարանը մերժել էր հանձնաժողովի ստեղծման նախպագիծը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ նախագիծը բազմիցս քննարկվել է, կան խնդիրներ, նաև օրինականության, և ՀՀԿ-ն օրինագծին դեմ է քվեարկելու: 2008-ի դեպքերից հետո ԱԺ-ում ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի գլխավորությամբ նման հանձնաժողով արդեն եղել է:

Նախագիծը խորհրդարանում ներկայացնող ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ արձագանքելով Սահակյանի խոսքերին, նշել է, թե ցավում է, որ քննարկումներին բովանդակային առաջարկություն չհնչեցին․

«Միաժամանակ զարմանում եմ՝ բոլոր պատգամավորները ցանկանում են, որ բացահայտվի, բայց կողմ չեն որոշման նախագծին»:

ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր հերթին նկատեց, թե Գալուստ Սահակյանի մատնանշած նախորդ հանձնաժողովներն առնչություն չունեն ներկայացված նախագծի հետ:

«Իրականում այս հանձնաժողովը պետք է ուսումնասիրեր, թե իրավապահ մարմինները արդարադատության իրականացման ճանապարհին ինչ խոչընդոտներ են թույլ տվել: Եթե չեք քվեարկում, ապա թափված արյան պատասխանատվությունն ընկնում է ձեր ուսերին»,- նշել է պատգամավորը:

Մինչև Մարտի 1-ն ու ՀԱԿ հանրահավաքը կայացած ԱԺ նախորդ քառօրյայում հարցով քննարկումները բավականին բուռն էին անցել:

Նույն հարցով նախորդ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը ընդդիմության այս նախագծի քննարկմանը հիշել էր նախկին դաժան օրերն ու ընդդիմությանը մեղադրել ապակառուցողական լինելու մեջ:

Ըստ նրա, այն ժամանակ ընդդիմությունը բոյկոտում էր այդ հանձնաժողովի աշխատանքները, իսկ հիմա նոր հանձնաժողովի ստեղծում է նախաձեռնում, գրում է Tert.am-ը: Ըստ Նիկոյանի՝ այն, ինչ կարելի էր անել այն ժամանակ, չի կարելի անել հիմա՝ հասարակական մթնոլորտն այն ժամանակ լրիվ ուրիշ էր: «Մենք ՀՔԾ կամ որևէ գեներալի խնդիր ունեի՞նք կանչելու»,- հարցրել է Սամվել Նիկոյանն ու շարունակել ընդդիմությանն ուղղված մեղադրանքները, թե կարող էին գալ, ուղղել, օգնել, ցույց տալ՝ ինչից սկսել, քանի որ հանձնաժողովի անդամներն ուսումնասիրության ընթացքում իրենց առաջին հարցադրումներն արել են ընդդիմադիր հոդվածներում առկա հարցադրումների մասին հարցումներ ուղարկելով պատկան մարմիններին:

«Հանձնաժողովի անդամներին պետք էր, որովհետև դա բեռ էր, որովհետև այդ անդամները միայն մարտի 2-ի առավոտյան «Հայլուրից» իմացան, թե ինչ է կատարվել: Հասարակությունը սպասում էր, և այդ ամբողջ ճնշումը կար հանձնաժողովի վրա»,- ասել է նախկին ժամանակավոր հանձնաժողովի նախագահը։ Հիմա, Նիկոյանի խոսքով՝ ստացել է պատասխան, որ այն ժամանակ չեն եկել, քանի որ հրավիրվել են խորհրդակցական ձայնի իրավունքով:

Ըստ Նիկոյանի՝ հանձնաժողովի կանոնակարգով՝ ոչ մի քվեարկություն չէր լինելու և հետևաբար, բոլորը հավասար պայմաններում էին․ եթե ցանկանային՝ կարող էին հասնել ճշմարտության բացահայտմանը: Իսկ հանձնաժողովին այդ ժամանակ կմնար միայն քաղաքական եզրահանգումներ անելը՝ որպես քաղաքական մարմին, նշել է պատգամավորը:

Ստեղծվելիք հանձնաժողովի նպատակն էր ուսումնասիրել Մարտի 1-ին Երևանում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության և օրինականության հարցը: