14 մարտի 2014 - 12:49 AMT
Օլանդը մայիսին կայցելի Հայաստան

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ֆրանսիացի գործընկեր Լորան Ֆաբիուսին և քննարկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ այս տարվա մայիսին Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները։ Զրուցակիցներն անդրադարձել են տնտեսական գործակցության առավել զարգացման և ընդլայնման հնարավորություններին։ Նախարար Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստանում արդեն գործում է ֆրանսիական կապիտալով շուրջ 160 ընկերություն և Հայաստանը ողջունում է ֆրանսիական ներդրումների աճն ու այդ ուղղությամբ նոր նախաձեռնությունները, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Բանակցությունների օրակարգում էր նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Էդվարդ Նալբանդյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կառուցողական ներգարավվածությունը, կարևորել է նրանց` հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը միտված միասնական ջանքերը։ Նախարար Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ աշխատանքը՝ ուղղված հիմնախնդրի հանգուցալուծմանը: Զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային արդիական խնդիրներ, մասնավորապես` ուկրաինական ճգնաժամը և դրա կարգավորման հնարավոր ուղիները, անդրադարձել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործանթըացին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայիսին Ֆրանսիայի նախագահի Հայաստան կատարելիք այցի ժամանակ պաշտոնապես կհայտարարվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունան մասին:

Հունվարի 27-ին Թուրքիա պաշտոնական այցի առաջին օրը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանություններն այլևս չպետք է շարունակեն հերքել 1915-ին Օսմանյանն կայսրությունում հայերի մասսայական սպանդը: «Նման իրադարձությունները հիշելը միշտ էլ ցավալի է, բայց անհրաժեշտ է»,- ասել է նա Անկարայում մամուլի ասուլիսում: Անդրադառնալով Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը, Օլանդը նշել էր, որ «շարժվելու են միայն ճիշտ ուղղությամբ», նշելով, որ ինչպես ցեղասպանության փաստը, այնպես էլ դրա ժխտումը քրեօրեն պատժելի են։ Ֆրանսիան 2000-ին Ցեղասպանություն էր որակել Օսմանյան կայսրությունում հայերի մասսայական կոտորածը:

2011-ի դեկտեմբերի 22-ին ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվեց Ֆրանսիայի Ազգային ժողովում: Հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն էր: 2012-ի հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը դրան կողմ քվեարկեց: Օրինագիծը մերժման համար նախատեսում էր 1 տարվա ազատազրկում ու 45 հազար եվրո տուգանք: Ավելի ուշ՝ 2012-ի փետրվարի 23-ին, Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն օրինագիծը ոչ սահմանադրական ճանաչեց: Արդեն 2013-ի փետրվարին պատգամավորը երկրորդ անգամ Ֆրանսիայի խորհրդարան ներկայացրեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ: