19 մարտի 2014 - 11:47 AMT
Սան Ֆրանցիսկոյում մահացել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը

Սան Ֆրանցիսկոյում Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը՝ Թագուհի Քեշիշյանը, 99 տարեկանում մահացել է։ Նա XX դարի առաջին ցեղասպանությունը վերապրածներից էր, երբ 1915-1923 թթ․ Օսմանյան կայսրությունը ոչնչացրեց տեղի բնակչության կեսից ավելիին ու յուրացրեց նրանց ունեցվածքը։

Թագուհի Քեշիշյանն ԱՄՆ Կոնգրեսին կոչ էր անում ընդունել Հայոց ցեղասպանությունը։ Նա հայկական համայնքին տեսագրություն է թողել, որտեղ նշել է․ «Երբեք չպիտի մոռանանք Թուրքիայի արարքները։ Պիտի միշտ հիշենք այդ ամենը»։

Քեշիշյանը 6 երեխա ուներ, 16 թոռ ու 24 ծոռ։ Կալիֆորնիայի փոխնահանգապետ Գևին Նյուսոմը Քեշիշյանների ընտանիքին ցավակցական հեռագիր է հղել, որտեղ, մասնավորապես, ասվում է․ «Նա ընտանիքի գլուխն էր, նրան սիրում էին թե ընկերների շրջանում, թե համայնքում, ու իր կյանքով ապացուցում էր, որ չկան խոչընդոտներ, որոնք անհնարին է հաղթահարել»։.

Ընտանիքին ցավակցել է նաև կոնգրեսմեն Ջեքի Սփիերը՝ նշելով, որ Թագուհի Քեշիշյանի շնորհիվ է իմացել Հայոց ցեղասպանության մասին։

«Չնայած տառապանքներին, որոնց միջով նա անցել է, տատիկը միշտ դրական տրամադրություն ուներ, ու մեզ կյանքում շատ բան է սովորեցրել»,- նշել է Քեշիշյանի թոռնիկ Արա Մակասջյանը, ով համատեղությամբ նաև Հայկական ազգային կոմիտեի ղեկավարության անդամն է, գրում է Asbarez-ը։

Photo: Asbarez