Հայաստանի կառավարությունը վարկ կվերցնի «Նաիրիտ» գործարանի աշխատողների ամիսներ շարունակ կուտակված աշխատավարձերը վճարելու համար։ Այդ մասին մարտի 19-ի նիստին տեղեկացրել է էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, գրում է Armenia Today-ը։ Նա մանրամասներ չի ներկայացրել, միայն ասել է, թե այդ վարկը պետական երաշխիքներով չեն վերցնելու։
«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի արտադրության մենաշնորհ ուներ: 2006-ին ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը 40 մլն դոլարով վաճառվել էր Rhinoville Property Limited բրիտանական կոնսորցիումին, բաժնետոմսերի մնացած 10 տոկոսը Հայաստանի կառավարությանն է: 2010-ի ապրիլից արտադրությունը գործարանում դադարեցվել է:
Պարբերաբար գործարանի աշխատակիցները բողոքի ցույցերի են դուրս գալիս՝ պահանջելով վճարել ամիսներ շարունակ կուտակված իրենց աշխատավարձերը։ Նաիրիտցիների վերջին խոշոր բողոքի ակցիան փետրվարի 12-ին էր, երբ հավաքվել էին կառավարության շենքի դիմաց: Նրանց պահանջը նորից նույնն էր՝ վճարել 15 ամիս շարունակ կուտակված աշխատավարձը, ինչպես նաև ներկայացնել գործարանի վերագործարկման և աշխատակիցներին աշխատանքով ապահովելու ժամանակացույցը:
Կառավարության աշխատակազմի դիմում-բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանն առաջարկել էր միասին գնալ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ու հարցը քննարկել նախարար Արմեն Մովսիսյանի հետ: Բայց առաջարկը զայրացրել էր նաիրիտցիներին՝ ասել էին, թե նախարարի հետ մի շարք հանդիպումներ են ունեցել, որոնք «կոնկրետ արդյունք չեն տվել»:
Քիմհսկայի աշխատակիցների պահանջն էր հանդիպել վարչապետ Տիգրան Սարգսյանին: Կարճատև բանակցություններից հետո «Նաիրիտի» մի քանի աշխատակից համաձայնել էին հանդիպել նախարարին: Արմեն Մովսիսյանը նրանց խոստացել էր մեկ ամսվա աշխատավարձ վճարել:
«Նաիրիտում» աշխատավարձերը վճարվում են երկու ամիսը մեկ, իսկ գործարանի մեկ ամսվա աշխատավարձային ֆոնդը կազմում է $1 մլն: Գործարանը մոտ 4 տարի պարապուրդի է մատնված, և օրական կտրվածքով նույնիսկ չաշխատելու դեպքում կուտակում է 30 մլն դրամի պարտք:
Փետրվարի 26-ին ձայների մեծամասնությամբ խորհրդարանը մերժել էր ԱԺ-ում «Նաիրիտ» քիմգործարանի խնդիրներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին «Հայ հեղափոխական դաշնակցության» ներկայացրած նախագիծը: Ըստ դրա, հանձնաժողովը պիտի ուսումնասիրեր «Նաիրիտի» մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների ու անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառները:
Քվեարկությունից առաջ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ չնայած հանձնաժողովի ստեղծմանը դեմ չեն, բայց այս պահին դա «նպատակահարմար չեն գտնում»` հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած տնտեսական խնդիրները:
Նախագծի քննարկմանը, որին միացել էր նաև էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել էր, որ իշխանությունները կողմնակից են հանձնաժողով ստեղծելուն, բայց ոչ հիմա:
Մինչև այդ նախարար Մովսիսյանն իր ելույթում ևս նշել էր, որ այժմ հանձնաժողովի ստեղծումը կխաթարի «Ռոսնեֆտ»-ի հետ տարվող աշխատանքները:
Տարեվերջին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել էր, որ ռուսական «Ռոսնեֆտը» մտադիր է ներդրումներ անել Հայաստանում նոր գործարանի կառուցման համար: Ըստ գործադիրի ղեկավարի, բանակցությունները շարունակվում են, քանի որ երկրորդ փուլը վերաբերում է «Նաիրիտին»: Արդեն փետրվարի 11-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը նշել էր, որ «Ռոսնեֆտը» լրջորեն ուսումնասիրում է Հայաստանում կաուչուկի գործարան հիմնելու հարցը:
2013-ի դեկտեմբերի 25-ին «Ռոսնեֆտ», «Պիրելի Թահր Ռուսիա» և «Ռոսնեֆտ Արմենիա» ընկերությունների ներկայացուցիչները Երևանում փոխըմբռնման մասին հուշագիր էին ստորագրել կաուչուկի արտադրության համատեղ ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ:
Փետրվարի 24-ին Սոչիում ՀՀ ու ՌԴ վարչապետներն անդրադարձել էին «Ռոսնեֆտի» ներդրումային ծրագրերին: «Լսեցինք «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինի՝ կատարված աշխատանքների և իրենց ծրագրերի մասին հաշվետվությունը: Նախատեսվում է Հայաստանում իրականացնել մոտ 500 մլն դոլարի ներդրումային ծրագիր: Բնականաբար, ծրագիրն առնչվում է «Նաիրիտ» գործարանին, քանի որ նոր կառուցվելիք գործարանում հիմնական աշխատողները լինելու են հենց «Նաիրիտ»-ի աշխատողները»,- ասել էր վարչապետը: