Ազատության հրապարակը մարտի 22-ին նորից բազմամարդ էր։ Հավաքվել էին պարտադիր կուտակայինի դեմ ակտիվ պայքարող «ԴԵՄ ԵՄ» շարժման նախաձեռնությամբ։ Հավաքվածները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին քանդակագործ Արա Շիրազի հիշատակը, ում վերջին հրաժեշտն ու հուղարկավորության արարողությունն ավելի վաղ մեկնարկել էր Նկարիչների միության շենքում։
Հանրահավաքին մասնակցում էին նաև ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունների ներկայացուցիչները։ Հավաքից հետո Փոքր կենտրոնով երթ էր նախատեսված, որի ավարտին պետք է նորից վերադառնային Ազատության հրապարակ։
Ըստ «Դ!ԵՄ ԵՄ»-ի ավելի վաղ տարածած հաղորդագրության, հավաք-երթի նպատակներն էին․ Հանրությանը ներկայացնել այն ամենը, ինչ կատարվել է հունվարի 18-ի հավաք-երթից հետո, ինչպես նաև այդ իրադարձություններին համաչափ գնահատական տալ:
Ցույց տալ ՀՀ կառավարման մարմիններին ժողովրդի համախմբվածությունը, կազմակերպվածությունը, պայքարելու պատրաստակամությունն ու վճռականությունը:
ՍԴ-ից պահանջել հակասահմանադրական ճանաչել օրենքի վիճարկվող հոդվածներն, այլապես հարցը կսկսեն լուծել քաղաքացիական ընդվզումներով ու անհնազանդությամբ:

«Մեզ այստեղ է հավաքել մի նպատակ՝ թույլ չտալու, որ ևս մեկ անգամ թալանեն քաղաքացուն»,- ելույթների շարքը սկսեց «Դ!ԵՄ ԵՄ»-ի ակտիվիստներից Արսեն Մանուկյանը՝ նշելով, որ լինում է ոչ թե լավ իշխանություն, այլ՝ պահանջատեր հասարակություն։
Մանուկյանի խոսքով, մարդկանց միջից պետք է դուրս գա միտքը, որ ոչինչ չի կարելի փոխել․ «Եթե նստում ենք տանն ու ոչինչ չենք անում, շատ բան է փոխվում, բայց, ցավոք, դեպի վատը»։
Իր հերթին որպես ՀՀ քաղաքացի հանրահավաքին մասնակցող ՀԱԿ խորհրդարանական խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ «այսպես կոչված էլիտայի 20 տոկոսը շարունակաբարր իր կամքն է պարտադրում ժողովրդին, բայց «Դ!ԵՄ ԵՄ»-ը միայն 5, 10 կամ 20․000 դրամի համար պայքար չէ․
«Դա պայքար է հանուն ժողովրդի, սահմանադրության ու հանրության։ Այս պայքարն անխուսափելիորեն պսակվելու է հաղթանակով՝ թե երբ, ինչպես, ինչ պայմաններում՝ արդեն ցույց կտա ժամանակը»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, թե պարտադիր բաղադրիչի վերաբերյալ իշխանությունների գլխավոր փաստարկն այն է, որ «Հայաստանին տնտեսության մեջ ներդնելու համար երկար ու էժան փողեր են հարկավոր»։

Իր հերթին նույնպես որպես ՀՀ քաղաքացի հանրահավաքին եկած ԲՀԿ-ական Վահան Բաբայանը նշեց, որ առաջին օրվանից իրենք ամբողջովին ժողովրդի կողքին են․
«Առանց միասնության, առանց համախմբման այլևս հնարավոր չէ այս երկրում ինչ-որ բան փոխել։ Վարչապետը երկխոսության կոչ է անում՝ թող գա այստեղ ու տեսնի, ինչքան մարդ կա։ Սահմանական գյուղերում մարդիկ խնդրում են, որ Երևանը ոտքի կանգնի, որ ժողովուրդը դուրս գա տներից»,- ասաց Վահան Բաբայանը՝ կոչ անելով դուրս գալ տներից ու միանալ «Դ!ԵՄ ԵՄ»-ին։
Մարտի 19-ի Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Տիգրան Սարգսյանը «Դ!ԵՄ ԵՄ»-ին երկխոսության կոչ էր արել․ «Հայտարարում ենք՝ պատրաստ ենք երկխոսության, որովհետև դիրքորոշումը՝ կամ ամեն ինչ, կամ ոչինչ, անընդունելի է ինչպես մեզ համար, այնպես էլ քաղհասարակությունը ներկայացնող պատասխանատու երիտասարդների համար»,- նշել էր գործադիրի ղեկավարը՝ հավելելով, որ ընդունում են՝ օրենքները, մանավանդ ամենաբարդ ռեֆորմին վերաբերողները, չեն կարող լինել առանց թերությունների։ Նրա խոսքով, ճիշտ ճանապարհը երկխոսությունն է, որով էլ «Դ!ԵՄ ԵՄ»-ի կոչ են անում շարժվել։
Ավելի ուշ «Դ!ԵՄ ԵՄ»-ն արձագանքել էր երկխոսության կոչին՝ նշելով, որ շարժումը միշտ կարևորել ու արժևորել է այդ ճանապարհը, ինչն «ապացուցել են իրենց պահվածքով»՝ մինչև ՍԴ-ի գործընթաց սկսելը։
Ողջունելով վարչապետի առաջարկը, քաղնախաձեռնությունը նշել էր, որ պատրաստ կլինեն երկխոսության, երբ հստակ հաղորդագրություն լինի, որ պարտադիր բաղադրիչն օրենքից վերացնելու պատրաստակամություն, ինչպես նաև առանց դրա օրենքի մշակման շուրջ երկխոսության ցանկություն կա, որն իրենք առայժմ չեն ստացել։

Հաջորդ ելույթը նույնպես որպես Հայաստանի քաղաքացի Ազատության հրապարակ եկած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանինն էր։ Նա նշեց, որ հրապարակում հավաքվածները դեմ են պարտադիրի, «որովհետև կողմ են ինքնիշխան Հայաստանին, կողմ են Սահմանադրության երկրորդ հոդվածին, կողմ են իշխանությունը ժողովրդին վերադարձնելուն»։
«Խոսքով հարցը չի լուծվելու, գործ է պետք, ու դրա համար պետք է այս երիտասարդ սերունդը։ «Դ!ԵՄ ԵՄ» շարժումը վերափոխման նախաշեմին է, ու ինչ էլ ՍԴ-ն որոշի մարտի 28-ին, պիտի պատրաստ լինենք բոլոր պաստառները վայր դնելուն և պահելուն միայն եռագույնը»,- նշեց նա՝ հավելելով, թե իր համար մեծ պատիվ է, որ կանգնած է այս երիտասարդների մեջ։ Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ, այս շարժումը մարելու իրավունք չունի։
Նա նաև հիշեցրեց, որ մարտի 28-ին՝ ժամը 17։30-ին, Ազատության հրապարակում նախահավաք է պատրաստում, որին բոլորին առաջարկեց ցանկության դեպքում միանալ՝ «միացյալ հրապարակ ստեղծելու համար, որտեղից կսկսի պայքարը», եզրափակեց «Ժառանգության» առաջնորդը։

Քաղնախաձեռնության անդամ Լևոն Հարությունյանը հիշեցրեց, որ նախորդ տարի, երբ շարժումը դեռ նոր էր հասունանում, «պետպաշտոնյաներն իրենց անվանեցին արկածախնդիր երիտասարդներ»։
«Ինչեր ասես մեր մասին չէին ասում, բայց թող հիմա, այսօր գան ու տեսնեն, որ մենք արդեն հազարավորներ ենք․ թույլ չենք տալու, որ մեր ձեռքից խլեն մեր սեփականությունը»,- նշեց երիտասարդը։ Ամբիոնից ելույթ ունեցավ նաև ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը, ով հիշեցրեց, որ կենսաթոշակային բարեփոխմանն իրենք դեմ էին դեռ 2009-ին։ Այնուամենայնիվ, նա նշեց, որ այս հարցում «հաղթանակ է լինելու, էն էլ շատ զիլ»։
ՀՀ քաղաքացի, ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը նշեց, որ ցանկացած իշխանություն պետք է առաջնորդվի քաղաքացու ցանկությամբ, նպաստի, որ ժողովուրդն ունենա բարեկեցիկ կյանք։
«Երկիրը մեր բոլորինն է։ Համոզված եղեք՝ եթե մեր միասնությունը պահպանենք, կարողանանք միավորվել, կունենանք հաղթանակ։ Իսկ մենք միավորվել ենք․ այսօրվա հավաքը դրա վառ ապացույցն է»,- ասաց պատգամավոորը՝ հավելելով, որ մարտի 28-ին սկսվող դատով «հաստատվելու է ժողովրդի իշխանությունը»։
«Պարտադիր բաղադրիչը պետք է օր առաջ հեռացվի մեր երկրից․ հաղթանակ մեզ բոլորիս»,- Ազատության հրապարակում իր ելույթը եզրափակեց Մինասյանը։
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձառնության անդամ Գևորգ Գորգիսյանը հայտարարեց, որ եթե Սահմանադրական դատարանն օրենքը հակասահմանադրական չճանաչի, ապա նախաձեռնության անդամները կդիմեն բոլոր օրենքով չարգելված գործողությունների, այդ թվում՝ քաղաքացիական անհնազանդության:

«Հնարավոր է՝ փակենք ճանապարհներն ու փողոցները, կամ ամենուրեք քարոզչական թերթիկներ փակցնենք, հրաժարվենք իշխանության հետ գործակցութունից, զանգվածային գործադուլներ սկսենք, ինչպես նաև կանխիկացնենք բանկերում ունեցած մեր գումարները»,- ասաց նա:
Օրինակներ բերելով, ակտիվիստը, այնումանենայնիվ, չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ քայլերի կդիմեն՝ նկատելով, որ մինչև օրս քաղնախաձեռնությունն եղել է անկանխատեսելի:
«Գուցե հրաժարվենք կոմունալ վճարումներից։ Չեմ կարծում, որ լինի տեսուչ, որ մի ամբողջ շենքի կամ թաղամասի լույսը կամ գազն անջատի, քանի որ նրանք բոլորը ՀՀ քաղաքացի են»,- նշեց Գորգիսյանը:
Ելույթների ավարտին նախաձեռնությունն անակնկալ էր պատրաստել հավաքվածների համար։ Ազատության հրապարակ էր Վանաձորից եկել Դավթը, վ նույնպես դեմ է պարտադիր կուտակայինին։ Երիտասարդի խոսքով, նա իր բողոքն արտահայտել է ռեփի ու երգի միջոցով, որն էլ կատարեց հավաքվածների համար։
Այնուհեև մեկնարկեց նախատեսված երթը․ երթուղին կրկին անցնում էր Փոքր կենտրոնով։ Ազատության հրապարակից երթի բազմաթիվ մասնակիցները շարժվեցին Մաշտոցի պողոտայով։ Նրանց ուղեկցում էին արդեն ավանդական դարձած թմբուկները։ Ճանապարհին պարտադիր կուտակայինի դեմ բողոքողներն անցորդներին իրենց միանալու կոչ էին անում։ Սայաթ-Նովայով նրանք հասան Աբովյան փողոց, որտեղից ուղևորվեցին դեպի Հանրապետության հրապարակ, այնուհետև Ամիրյանով ու նորից Մաշտոցի պողոտայով կրկին վերադարձան Ազատության հրապարակ:
Նորից հավաքվելով հրապարակում, նրանք ամփոփեցին օրն ու հերթական անգամ արձանագրեցին, որ գնալու են մինչև վերջ՝ մինչև հաղթանակ։