Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) միացել է ԱՄՆ հայ համայնքի հասարակական ու կրոնական ներկայացուցիչների պատվիրակությանը՝ կոչ անելով ԱՄՆ կառավարությանն անհապաղ միջոցներ ձեռնարկել վերջ տալու համար հայ ժողովրդի բնաջնջմանը Սիրիայի Քեսաբ պատամական հայկական քաղաքում:
Մարտի 21-ից ի վեր Քեսաբը ենթարկվում է գրոհայինների հարձակման: Պետքարտուղարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայկական պատվիրակությունն ընդգծեց շտապ միջոցների անհրաժեշտությունը և հայտարարեց, որ «ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի Քեսաբի բնակիչների պաշտպանության հարցում, առավել ևս, որ նրանց մեծ մասը հարազատներ ունի Ամերիկայում, որոնք քեսաբցիներին պաշտպանելու ուղիներ են որոնում: Պատվիրակությունը հետևյալ պահանջներն է ներկայացրել ԱՄՆ կառավարությանը՝ որպես անթույլատրելի հրապարակավ դատապարտել հարձակումը Քեսաբի հայ բնակչության վրա, որին մասնակցում են ահաբեկիչները Թուրքիայի աջակցությամբ, անհապաղ ծայրահեղականներին վտարել քաղաքից, որպեսզի քաղաքացիական անձինք կարողանան վերադառնալ իրենց տները: «ԱՄՆ-ն պարտավոր է ապահովել Քեսաբի քաղաքացիական բնակչության մշտական պաշտպանության երաշխիքներն ու վերականգնել ապառազմականացված գոտին Քեսաբի շուրջ և թուրքական սահմանի մոտ, հասցեական հումանիտար օգնություն ցուցաբերել տեղահանված անձանց, պահանջել Թուրքիայից փակել սահմանն ու թույլ չտալ գրոհայիններին ներթափանցել Քեսաբ, հետաքննել Թուրքիայի դերը Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին օժանդակելու գործում, նպաստել հայերի վերադարձին իրենց բնակավայրեր և օգնել ամերիկահայերին գտնել իրենց կորած հարազատներին»,-ասվում է հանձնախմբի հայտարարության մեջ:
Ավելի վաղ, այս շաբաթ ANCA նախագահ Քեն Խաչիկյանը խիստ նամակ էր հղել նախագահ Օբամային՝ հորդորելով հասցեագրել այն պետքարտուղարին, ԱՄՆ դեսպանին Թուրքիայում, և դեսպանին ՄԱԿ-ում՝ պահանջելով, որ Թուրքիան դադարեցնի անդրսահմանային հարձակումները Քեսաբի վրա, որոնք ստիպում են քաղաքացիական բնակչությանը լքել շրջանն ու թալանի և եկեղեցիների պղծման պատճառ են դառնում:
Հայ Դատի ներկայացուցիչները դիմել են նաև Ներկայացուցիչների պալատի հետախուզության ու արտաքին գործերի հանձնաժողովի և Սենատի արտաքին գործերի հանձնախմբի անդամներին, որպեսզի նրանք, օգտագործելով Կոնգրեսի ազդեցությունը, վերջ տան Թուրքիայի մասնակցությանը Քեսաբի ոչնչացմանը: «Հարձակումն առավելապես հայաբնակ Քեսաբի վրա փաստացի հարձակում է համայն հայության վրա», -ասել է Խաչիկյանը:
Արդեն մի քանի օր է սիրիական հայաբնակ Քեսաբում ողբերգական իրադարձություններ են կատարվում: Քեսաբը Սիրիայի ու Թուրքիայի սահմանին է, այնտեղ հազարավոր հայեր են ապրում, կան հայաբնակ բնակավայրեր, համայնքային ու կուսակցական հաստատություններ, դպրոցներ ու հիվանդանոցներ: Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիքներ (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթակիայում, իսկ մի քանի մարդու ճակատագիրն անհայտ է մնում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Շաբաթվա սկզբին ինտերնետում զետեղվել է Թուրքիայի պաշտոնյաների մասնակցությամբ գաղտնի խորհրդակցության ձայնագրությունը, որի ընթացքում քննարկվում են Թուրքիայի գաղտնի ծրագրերը Սիրիայի վերաբերյալ:
Սիրիական ծրագրի քննարկմանը մասնակցել են Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, ԱԳՆ խորհրդական Ֆիրուդին Սինիրլիօղլուն, Հետախուզական վարչության ղեկավար Հաքան Ֆիդանը, ԶՈւ Գլխավոր շտաբի երկրորդ պետ Յաշար Գյուլերը: Ձայանագրությունում Դավութօղլուն հայտնում է վարչապետ Էրդողանին, որ Սուլեյման շահի դամբարանը հնարավորություն է տալիս Սիրիա ռազմական ներխուժման համար:
Ձայնը, որն ինչպես պնդում են, պատկանում է Ֆիդանին, հայտարարում է. «Եթե անհրաժեշտ է, ես Սիրիա կուղարկեմ չորս մարդու և Թուրքիայի վրա 8 հրթիռ կարձակեմ՝ դրանով իսկ պատճառ ստեղծելով պատերազմ սկսելու համար: Մենք հարձակում կկազմակերպենք դամբարանի վրա»:
Նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է պաշտպանել իր տարածքը Սիրիայում: Ըստ նրա, թուրք զինվորականները մտադիր են հակահարված տալ ցանակացած ոտնձգության Սուլեյման շահի դամբարանի վրա: Նրա խոսքով, թուրքական զինված ուժերը պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման: Դամբարանն ու շրջակա տարածքւ Թուրքիային են պատկանում, այն պաշտպանում են թուրք զինվորականները: Այժմ գյուղերը, որտեղ գտնվում է դամբարանը, հայտնվել են «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն խմբավորման» հսկողության տակ: Այդ կազմակերպությունը կապված է Ալ Քայիդայի հետ:
Մարտի 26-ին Թուրքիայի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ցինիկաբար հերքում է Քեսաբի ու շրջակա գյուղերի վրա հարձակման ժամանակ իր տարածքն օգտագործելու և իր կողմից զինյալներին օժանդակելու մասին պնդումները՝ դրանք որակելով անհիմն և սխալ:
«Գտնում են, որ որոշ շրջանակների՝ Քեսաբի շրջանում դեպքերի և անցյալի ցավալի իրադարձությունների միջև զուգահեռներ տանելու ջանքերը քաղաքական քարոզչության փորձեր են և դատապարտում ենք դրանք:
Համաձայն մարդասիրական և բարոյական պատասխանատվության, Թուրքիան տեղեկացրել է ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին Սիրիայի Քեսաբի շրջանի հայերին իր երկրում ընդունելու և նրանց անվտանգությունն ապահովելու պատրաստակամության մասին: Բացի այդ՝ հայ համայնքի ներկայացուցիչները տեղեկացվել են այս հարցի շուրջ պաշտոնական ուղիներով: Սիրիահայերի, ինչպես նաև մյուս սիրիացիների պահանջները բավարարելու համար անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվելու»,- ասված է հայտարարության մեջ: