28 մարտի 2014 - 18:52 AMT
Պատերազմ սոցցանցի դեմ. Twitter-ի և Youtube-ի օրինակով Թուրքիայում կարող են արգելել նաև Facebook-ը

Թուրքիայում լուրեր են շրջանառվում, որ Twitter-ի և Youtube-ի օրինակով Թուրքիայում կարող են արգելափակել նաև Facebook սոցիալական ցանցը: Ինչպես գրում է թուրքական Sondakika լրատվական կայքը, այդ մասին ասվել է նախօրեին՝ մարտի 27-ին, թուրքական StarTV հեռուստաալիքի եթերում:

Ինչպես հայտնի է դառնում StarTV-ի եթերում հնչած հայտարարությունից, Թուրքիայի հեռահաղորդակցությունների դեպարտամենտը (TIB) Facebook-ի հետ կապված բազմաթիվ բողոքներ է ստանում և գերատեսչությունը մտադիր է արգելափակել սոցցանցը Թուրքիայում, հայտնում է Panorama.am-ը:

Թուրքիայի իշխանությունները մարտի 27-ին որոշում են կայացրել YouTube տեսահոսթինգն արգելափակելու մասին:

Ինչպես նշում է պարբերականը, որոշումը կայացրել է Թուրքիայի հեռահաղորդակցությունների դեպարտամենտը (TIB) մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ YouTube-ում զետեղվեց Թուրքիայի ուժային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների տեսագրությունը, որտեղ քննարկվել է գործողությունների սցենարը Սիրիայում գտնվող Շահ Սուլեյմանի դամբարանի վրա ահաբեկիչների հարձակման դեպքում:

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն իր հերթին հայտարարեց, որ հրապարակված տեսագրությունը, որն արվել է թաքնված տեսախցիկով, մասնակիորեն խմբագրված է: Նա տեսահոլովակի հրապարակումը համարել է «սպառնալիք ազգային անվտանգությանը»:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, խոսքի ազատության գծով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն ասել է, որ YouTube և Twitter ինտերնետ ծառայությունների արգելափակումը Թուրքիայում խախտում է երկրի պարտավորությունները որպես ԵԱՀԿ անդամի:

«Մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայում արգելափակվեցին YouTube և Twitter-ը: Գրաքննության մշտական կիրառումն արգելափակման տեսքով անթույլատրելի է ժողովրդավարական երկրներում և խախտում է ԵԱՀԿ և մյուս միջազգային կազմակերպությունների առջև Թուրքիայի ստանձնած պարտավորությունները»,-ասել է Միյատովիչը, հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:

«Ես հորդորում եմ Թուրքիայի իշխանություններին պահպանել տեղեկատվության ազատ հոսքն ու ԶԼՄ-ների ազատությունն ինչպես ավանդական, այնպես էլ ինտերնետ լրատվամիջոցներում»: Ես նաև կոչ եմ անում TIB անհապաղ վերականգնել Twitter-ի հասանելիությունը դատարանի երեկվա որոշումից հետո»,-ասվում է Միյատովիչի հայտարարության մեջ:

Անցած ուրբաթ Միյատովիչը հանդես եկավ հայտարարությամբ՝ դատապարտելով Twitter-ի արգելափակումը դատարանի ու դատախազաության որոշումների հիման վրա: Չորեքշաբթի Անկարայի վարչական դատարանը կասեցրեց թուրքական իշխանությունների գործողությունները:

Մարտի 21-ի գիշերը Թուրքիայում արգելափակվեց Twitter-ը: Էրդողանը հավաստիացրել է, որ Թուրքիան առաջիկայում ևս կոշտ է գործելու սոցցանցերի հարցում, եթե չկատարվեն դատական որոշումներն աքաունթների փակման մասին՝ շեշտելով, որ միջազգային հանրության արձագանքը նրան չի հետաքրքրում:

Նույն օրը երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարեց, որ Twitter-ի ամբողջական արգելքի մասին Թուրքիայում խոսք լինել չի կարող: Ըստ նախագահի, եթե կան անձնական կյանքին միջամտության ապօրինի դեպքեր, կարող են փակվել միայն կոնկրետ էջեր, այն էլ դատարանի որոշմամբ: Twitter-ի փակումը Թուրքիայի վարչապետ Էրդողանի ելույթից մեկ օր անց բուռն արձագանք գտավ աշխարհում, հատկապես Եվրոպայում, որտեղ արտահայտվելու իրավունքը հիմնարար ազատություններից է:

Ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ասաց, որ լրջորեն մտահոգված է միկրոբլոգի փակմամբ, մինչդեռ պայքարել էր պետք կոռուպցիայի դեմ:

Եվրախորհրդարանում լիբերալ խմբի փոխնախագահ Ալեքսանդր Գրաֆ Լամսդորֆը կոչ արեց կասեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները: Լամսդորֆը հայտարարեց, որ Էրդողանի հետ բանակցությունները շարունակելու կարիք չկա: Ինչպես գրում է Today's Zaman-ը, եվրապատգամավորը նշել է, որ խոսքի ազատությունը հիմնական եվրոպական արժեքներից է և բանակցությունները պետք է շարունակել միայն քաղաքացիական հասարակության հետ: Հանս Սվոբոդան, որը առաջադեմ Սոցիալիստների ու ժողովրդավարների միության առաջնորդն է, հայտարարել է, որ Էրդողանը կորցրել է իրականության զգացողությունը, և, որ տասնյակ միլիոնավոր օգտատերեր ունեցող սոցիալական մեդիաների փակումը Թուրքիայում ոչ այլ ինչ է, քան հարձակում խոսքի ազատության վրա:

«Պարոն Էրդողանին կարող է չհուզել, թե ինչ է մտածում իր մասին միջազգային հանրությունը, բայց միջազգային հանրությունը հոգ է տանում թուրք ժողովրդի իրավունքների մասին և ես խորհուրդ եմ տալիս նրան ընթերցել Թուրքիայի Սահմանադրության 26-րդ հոդվածը՝ ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրությունը չի արդարացնում միլիոնավոր մարդկանց իրավունքների խախտումը»,- ասել է Սվոբոդան:

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ արտահայտվելու ազատությունը ամրագրված է եվրոպական փաստաթղթերում, Թուրքիան բացառություն չի կարող կազմել, քանի որ հավակնում է անդամակցել Եվրամիությանը:

Twitter-ը Թուրքիայում փակելու համար չկա դատարանի որոշում, հայտնել է Ստամբուլի դատախազությունը, տեղեկացնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը: Հաղորդագրությունն այն մասին, թե իբր Twitter-ն արգելափակվել է դատարանի որոշմամբ, չի համապատասխանում իրականությանը, նշել է գործակալությունը:

Մեկնաբանելով եվրոպական որոշ երկրների քննադատությունը՝ Էրդողանը հորդորել է ԵՄ-ին «սեփական գործերով զբաղվել»: «Այն, ինչ արել ենք, դա ներքին հարց է: Դրա համար կան դատարանի որոշումներ, ինչու է Եվրամիությունն անտեսում այլ երկրներում կատարվողը: Մեր դեպքում էլ նույն կերպ թող վարվեն, ինչպես մյուսների հետ»,-մեջբերում են վարչապետի խոսքը տեղական ԶԼՄ-ները:

Նա պարզաբանել է, որ Twitter-ում աքաունթների ու հաղորդագրությունների հեռացման տասնյակ ու հարյուրավոր հարցումներ են գալիս Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Հնդկաստանից: Ըստ նրա, այդ պահանջների մեծ մասը կատարվում է: «Թուրքիան ընդամենը երկու աքաունթ է ուզում փակել: Մենք դատական որոշումներ ենք ուղարկում սոցցանցին, բայց մեզ չեն լսում: Մեզ մնում է միայն արգելափակել ցանցը», -ասել է Էրդողանը: Ըստ վարչապետի, այն, որ դա մեղադրանքների պատճառ դարձավ Եվրամիության կողմից մարդու իրավունքները խախտելու վերաբերյալ, հիմնավորված չէ:

«Ինչ վերաբերում է ազատություններին, ապա մենք շատ առաջ ենք անցել Եվրամիության երկրների մեծ մասից: Տեղեկատվության այնպիսի ազատությոն, որը մենք ունենք, նրանցից շատերը չունեն: Մարդը կարող է որքան կարող է վիրավորել վարչապետին: Նրանց մոտ այդպիսի բան չես անի»,- գտնում է Էրդողանը: Ըստ Էրդողանի, նման իրավիճակներում եվրոպական երկրներում կառավարությունները օպերատիվ են գործել ու հասել են պատժամիջոցների այդպիսի անձանց դեմ:

Բողոքելով Twitter-ի արգելափակման վերաբերյալ որոշման դեմ՝ 15-րդ վարչական դատարան էին դիմել Թուրքիայի Իրավաբանների միությունը, Անկարայի իրավաբանների միությունը, Թուրքիայի լրագրողների միավորումը, ինչպես նաև խորհրդարանի պատգամավոր Օքթայ Վուրալը: Ըստ երկրի օրենքի, հեռահաղորդակցությունների նախարարությունը պարտավոր է անհապաղ կատարել դատական որոշումը:

Մարտի 26-ին Անկարայի 15-րդ վարչական դատարանը չեղյալ է համարել Twitter-ի արգելափակումը: