28 մարտի 2014 - 19:09 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ՀԽ․ «Զվարթնոցի»-ի կլոր շենքը պահպանելու հնարավորություն են տվել

«Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը կարող է պահպանվել, կոնցեսիոները՝ «Արմենիա-Միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, այդ ուղղությամբ աշխատանքներ տանելու պատրաստակամություն է հայտնել: Որոշման մասին մարտի 26-ին տեղեկացրել են Քաղավիացիայի գլխավոր վարչությունում կայացած քննարկմանը։ Այսօր՝ մարտի 28-ին, լրագրողներին ներկայացնելով մանրամասները, Հանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը նշել է, որ քննարկումը բովանդակալից էր, անգամ անսպասելի։

«Կոնցեսիոները, Քաղավիացիայի վարչությունը, զգալով իրավիճակը, որում հարցը հայտնվեց, որոշել են մեծ արժեք ունեցող կլոր մասնաշենքը պահպանելու հնարավորություն տալ: Աշխատանքներ են տարվելու սեյսմիկ անվտանգությունը բարձրացնելու համար և քննարկվելու են շենքն օգտագործելու տարբերակները»,- մանրամասնել է Ազիզյանը՝ հավելելով, որ կոնցեսիոների ներկայացուցիչն ասել է, թե ճարտարապետները կվերանայեն մոտեցումները՝ փորձելով պահպանել շենքը, որը, ըստ նրանց, շատ վատ վիճակում է։

Նա նշել է, թե իրենց ինժեներներն ասում են հակառակը, որ նման խնդիր չկա ու «այն մի քիչ ավելի լավ վիճակում է, քան Երևանի որոշ շենքեր», գրում է Panorama.am-ը:

Գրիգոր Ազիզյանի խոսքով, եթե շահագործողի մասնագետները չգտնեն շենքն ուժեղացնելու տարբերակներ, ապա իրենց ինժեներներն ու ճարտարապետները կաջակցեն նրանց, կփորձեն գտնել լուծումներ, որոնք բավարարեն բոլորին: Նա նշել է նաև, որ շենքի ամրացման համար պահանջվում է 10-12 մլն դոլար: Ըստ ճարտարապետի, կառույցը կարող է ծառայել այլ նպատակների համար:

«Հիմա կառույցը պահպանելու գործընթացով ենք գնում: Ինչ նպատակներով է օգտագործվելու՝ դեռ հայտնի չէ, որոշ մասը հենց որպես օդանավակայան էլ կարող է ծառայել: Մինչև այս գործընթացը սկվելը Ճարտարապետների միջազգային կազմակերպությունն էլ էր նախկին խորհրդային հանրապետություններին դիմել՝ այդ ժամանակաշրջանի շենքերը պահպանելու պահանջով: Հիմա գործընթաց չի լինի, մինչև այդ ուսումնասիրությունները»,- հավելել է նա:

Գրիգոր Ազիզյանը կարծում է, որ պետք է փորձել ևս մեկ անգամ դիմել Մշակույթի նախարարություն՝ շենքը մշակութային հուշարձանների ցանկում ընդգրկելու համար:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 26-ի նիստում առաջարկել էր այգի ստեղծել և այնտեղ տեղակայել ճարտարապետական հուշարձանները՝ այդպիսով լուծելով մշակութային պահպանման խնդիրներ:Իր հերթին, այգին կդառնա ժամանցի վայր, որտեղ կլինի նաև հին շենքի մակետը:

Նոյեմբերի 11-ին ՀԽ-ն քննարկման էր դրել «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի հետագա ճակատագրի հարցը: Հին շենքը քանդելուն դեմ էր քվեարկել խորհրդի 20 անդամ, 2-ը՝ կողմ:

Առաջարկվում էր դիմել շահագործողին` խնդրելով հաշվարկներով ներկայացնել հետագա գործողությունների ծրագիրը, ուսումնասիրել հին մասնաշենքի շահագործման հնարավորությունը, ինչպես նաև քննարկել շենքը մշակութային հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը:

Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը դիմել էր Հանրային խորհուրդ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին:

Ավելի վաղ շահագործողը հայտարարություն էր արել, թե հին համալիրի պահպանումն որպես խնդիր իրենց առջև դրված չի եղել և այժմ, երբ առաջացել է օդանավակայանի ընդլայնման հարցը, կոնցեսիոները նպատակահարմար է գտնում ընդլայնել այն հենց դրա հաշվին:

Շահագործողը որպես հիմնավորում նշել էր նաև այն, որ հին համալիրը հնարավոր չէ օգտագործել ներկայիս ավիացիոն պահանջների համար: Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհուրդ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին: Սեպտեմբերի 26-ին կայացած քննարկմանը Քաղավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչը Հանրային խորհրդին խոստացել էր, որ հաշվի կառնեն խորհրդի կարծիքը:

1961-ին բացված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մոդեռնիստական ոճի հին շենքը շահագործման էր հանձնվել 1980-ին ճարտարապետներ` Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի, Լևոն Չերքեզյանի, Ժ. Շեխլյանի և կոնստրուկտոր` Ս. Բաղդասարյանի նախագծով և համարվում էր ԽՍՀՄ մոդեռնիստական ճարտարապետության նմուշներից մեկը:

ՖՈՏՈՇԱՐՔ