
Նիդերլանդների Ալմելո քաղաքում 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 99-ամյակին նվիրված հուշահամալիր է կառուցվել: Համալիրի շինարարությունը սկսվել է 2013-ին բարերար Քրիստիան Գելիջինի հովանավորությամբ:Պաշտոնական բացումը տեղի կունենա այս տարվա ապրիլի 24-ին, գրում է Panorama.am-ը:
Հեղինակ-նախաձեռնող Քրիստիան Գելիջինն ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ հուշահամալիրն աշխարհին ևս մեկ անգամ սթափության կոչ անելու նպատակ է հետապնդում` բացառելու ցեղասպանության կրկնությունը:
Հուշահամալիրը կառուցվել է հայկական եկեղեցիների սխեմայով՝ 16 սյուների վրա, 16 խաչքարով, հայկական տուֆից: Խաչքարերը պատրաստվել են Հայաստանում՝ Վանաձորում:
Նախաձեռնության հեղինակները նպատակ ունեն հաջորդ տարի հուշահամալիրի հարևանությամբ ցեղասպանության թանգարան կառուցել:
2001-ին հոլանդական Ասեն քաղաքում տեղի հայկական համայնքի նախաձեռնությամբ տեղադրվեց 1915-1923 թթ. Ցեղասպանության զոհերի հուշարձանը: Անհայտ հեղինակի կերտած խաչքարը բերվել է Հայաստանից և օրհնվել: Վերևում 3 խորշ է, որտեղ պատկերված է Քրիստոսը երկու հրեշտակի հետ, մեջտեղում` մեծ խաչ: