3 ապրիլի 2014 - 14:04 AMT
Ղրիմի թաթարները մտադիր են հանրաքվե անցկացնել

Ղրիմի թաթարների մեջլիսում սկսել են աշխատել Ղրիմի թաթարների կամարտահայտության հանրաքվեի վրա: Այդ մասին հայտնում է «Ունիան»-ը «Ազատություն» ռադիոկայանի վրա հղումով: Ըստ հանրաքվեի նախապատրաստմամբ զբաղվող կազմկոմիտեի ներկայացուցիչ Աբդուրահման Էգիզի, Ղրիմի բնիկ թաթար ժողովրդի հանրաքվեն պետք է անցնի ՄԱԿ կամ ԵԱՀԿ կառույցների ղեկավարությամբ:

«Հանրաքվեն պետք է լինի օրինական ու ճանաչվի աշխարհում», -ասել է մեջլիսի ներկայացուցիչը: Ավելի վաղ Ղրիմի կարգավիճակի որոշման վերաբերյալ հանրաքվեի նախաձեռնության մասին հայտարարել էր Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ջեմիլևը: Բացի այդ, մեջլիսի նախագահ Ռեֆատ Չուբարովը հայտարարել է, որ Ղրիմի թաթարները կարող են սեփական հանրաքվեն անցկացնել՝ ցույց տալով ժողովրդի կամքը:

Ղրիմի թաթարները մտադիր են նաև հայտարարել թերակղզում ազգային տարածքային ինքնավարության ստեղծման գործընթացի մեկնարկը:

Մարտի 30-ին Բախչիսարայում տեղի ունեցած Ղրիմի թաթարների կուրուլտայը որոշել է Ղրիմում ստեղծել ազգային տարածքային ինքնավարություն, ասվում է կուրուլտայի արտահերթ նիստում ընդունված որոշման մեջ:

Ղրիմի թաթարների մեջլիսի նախագահ Ռեֆատ Չուբարովը հայտարարեց լրագրողներին, որ այդ փաստաթղթի համաձայն չի ճանաչվում Ղրիմի զավթումն ու Ուկրաինայի կողմից այդ տարածքը կորցնելու փաստը: Չուբարովը նաև հայտարարել է, որ Ղրիմի թաթարները կարող են ազգային հանրաքվե անցկացնել հաստատելու համար սեփական ձգտումն ինքնավարության:

Կուրուլտայը նաև հանձնարարել է մեջլիսին հարաբերություններ հաստատել միջազգային կազմակերպությունների հետ՝ ՄԱԿ, ԵԱՀԿ և այլն, և երկրների կառավարությունների հետ: Կուրուլտայը կոչ է արել այդ կազմակերպություններին ու կառավարություններին սատարել Ղրիմի թաթարների ինքնորոշման իրավունքին:

Նստաշրջանին մասնակցել է մեջլիսի ամբողջ կազմը, Ղրիմի մուֆտի Էմիրալի Աբլաևը, Թաթարստանի նախագահ Ռուստամ Մանիխանովը, ՌԴ Մուֆտիների խորհրդի նախագահ Ռավիլ Գայնուտդինը:

Ըստ Ռեֆատ Չուբարովի, բնիկ ժողովրդի տարածքում չեն կարող իրականացվել ռազմական գործողություններ առանց նրա համաձայնության կամ խնդրանքի՝ ՄԱԿ Հռչակագրի 30-րդ հոդվածի համաձայն:

«Մենք շեշտում ենք այն փաստի անվիճելիությունը, որ Ղրիմը պատմական տարածք է, որի վրա ձևավորվել են Ղրիմի թաթարները որպես էթնոս և ունեցել են ազգային պետականություն: Մենք ելնում ենք նրանից, որ Ղրիմի կարգավիճակի փոփոխությունը մեր օրերում իրականացվում է առանց Ղրիմի թաթարների, որպես Ղրիմի բնիկ ժողովրդի, համաձայնության ու կամարտահայտության»,-ասել է Չուբարովը:

Մարտի 17-ին Ղրիմի Գերագույն խորհուրդն արտահերթ ընդլայնված նիստում որոշում է կայացրել «Ղրիմի անկախության մասին»: Այդ որոշման օգտին են քվեարկել 100 պատգամավորներից 85-ը: Նույն օրը խորհրդարանը դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով իր կազմում ընդգրկել թերակզղին: Մարտի 21-ին, Դաշնային Խորհուրդը վավերացրել է Ղրիմի ու Ռուսաստանի միջև համաձայնագիրը և Սևաստոպոլի ու Ղրիմի` ՌԴ կազմում ընդգրկվելու մասին սահմանադրական օրենքը: Նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ղրիմի ու Սևաստոպոլի` Ռուսաստանին միանալու մասին համաձայնագիրը վավերացնող օրենքը և դրանց` Ռուսաստանի կազմի մեջ մտնելու ու Դաշնության նոր սուբյեկտների ինտեգրման անցումային շրջանի մասին դաշնային սահմանադրական օրենքը:

Ղրիմի թաթարները կազմում են Ղրիմի Հանրապետության բնակչության ընդամենը 12 տոկոսը:

Photo:unian.net