Սենատի արտաքին գործերի հանձնախմբի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և սենատոր Մարք Քըրքը ԱՄՆ Կոնգրես են ներկայացրել մի բանաձև, որը կոչ է անում ԱՄՆ նախագահին պայքարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման միջոցով: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ( ANCA), բանաձևին արդեն միացել են սենատորներ Բարբարա Բոքսերն ու Էդ Մարկին:
«ANCA-ն երախտապարտ է սենատորներ Մենենդեսին ու Քըրքին, որոնք կոչ են անում Ամերիկային օգնել արդար ու կառուցողական հայ-թուրքական հարաբերություններ հաստատել, հիմնված մինչ օրս անպատիժ մնացած այս ոճրագործության ճանաչման վրա Թուրքիայի կողմից : Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ մենք հուսով ենք, որ կստանանք Սենատում մեր բարեկամների աջակցությունն ապագայում ցեղասպանությունների կանխումն ապահովելու համար անհրաժեշտ այդ կարևոր միջոցի ընդունման հարցում», -ասել է կազմակերպության գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Ռոբերտ Մենենդեսն իր հայտարարության մեջ ասել է, որ Հայոց ցեղասպանությունը սարսափելի իրողություն է, որը պետք է ճանաչում ստանա: «Սույն բանաձևը վճռականորեն հաստատում է, որ մենք միշտ հիշելու ենք այդ ողբերգությունը և հարգելու ենք անմեղ տղամարդկանց, կանանց ու երեխաների հիշատակը, որոնք սպանվեցին և վտարվեցին իրենց հայրենիքից: Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի՝ կանխելու համար նման ոճրագործությունների կրկնությունն ապագայում»,- ասել է սենատորը:
Սենատոր Քըրքն իր հերթին հիշեցրել է, որ հաջորդ տարի նշվելու է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, որին զոհ գնաց 1,5 մլն հայ: «Ցեղասպանությունը վերապրած հաշված մարդիկ են մնացել, այդ թվում 107-ամյա Հելեն Փալոյանը Չիկագոյից, որն այդ տարիներին կորցրել է ծնողներին ու երկու եղբայրներին: Ի հիշատակ զոհվածների և վերապրածների ԱՄՆ-ն ու մեր դաշնակիցները ՆԱՏՕ-ում Եվրամիության հետ միասին պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը», -ասել է սենատոր Քըրքը: Բանաձևում մասնավորապես ասվում է.
«1. Անհրաժեշտ է հիշել և նշել Հայոց ցեղասպանության տարելիցը 2014 թ. ապրիլի 24-ին: 2. Նախագահը պետք է պայքարի արդար, կառուցողական, կայուն ու ամուր հայ-թուրքական հարաբերություններ հաստատելու համար, որը պետք է հիմնվի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ամբողջական ճանաչման վրա: 3. Նախագահը պետք է ապահովի, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունն արտացոլի մարդու իրավունքների, մարդկայնության դեմ հանցագործությունների, ազգային զտումների ու ցեղասպանությունների, մասնավորապես Հայոց ցեղասպանության հարցերում»:
Նմանատիպ թիվ H.Res.227 բանաձև է ներկայացվել Ներկայացուցիչների պալատ Դևիդ Վալդաոյի և Ադամ Շիֆի կողմից Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունի և Մայքլ Գրիմի հետ համատեղ: Ներկայացուցիչների պալատ ներկայացված բանաձևն արդեն 50 կողմնակից ունի: