4 ապրիլի 2014 - 12:14 AMT
Քիմզենքի դուրսբերումը սիրիական Լաթաքիայից կասեցվել է մարտերի պատճառով

Սիրիայի իշխանությունները նախապատրաստել են քիմիական զենքով 72 կոնտեյներ՝ այն երկրից դուրս բերելու ու հետագայում ոչնչացնելու համար, հայտնում է Reuters գործակալությունը ՄԱԿ-ի կենտրոնակայանում դիվանագիտական աղբյուրների վրա հղումով: Այդ մասին հայտարարել է Սիրիայում ՄԱԿ և ՔԶԱԿ համատեղ առաքելության ղեկավար Սիգրիդ Քաագը ԱԽ փակ նիստում՝ տեսակապով դիմելով խորհրդի անդամներին Դամասկոսից: Ըստ նրա, 72 կոնտեյներները վտանգավոր քիմիական նյութերով գտնվում են երեք տարբեր օբյեկտներում: Երբ զենքը դուրս բերվի, Սիրիայի հայտարարագրված քիմիական արսենալը կարող է ոչնչացված համարվել 90 տոկոով:

Նախօրեին ՄԱԿ պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը հայտնել է, որ քիմիական զենքի արտահանումը սիրիական Լաթաքիայից կասեցված է մարտի 20-ից իշխանությունների և ընդդիմության միջև մարտերի պատճառով: Ըստ նրա, զենքի դուրսբերումը կվերականգնվի հենց որ դա հնարավոր լինի, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Փետրվարի վերջում Սիրիայի իշխանությունները ՔԶԱԿ-ին ներկայացրեցին նոր ծրագիրը, որի համաձայն նախատեսվում է բոլոր քիմիկատներից ազատել երկիրը մինչև ապրիլի 27-ը: Ըստ ՄԱԿ ԱԽ բանաձևի և ՔԶԱԿ Գործադիր խորհրդի որոշման, սիրիական քիմիական զենքի ամբողջական ոչնչացումը պետք է ավարտվի մինչև 2014 թվականի հունիսը: Ավելի վաղ Քաագը հայտնել էր, որ Սիրիայում ոչնչացվել է կամ երկրից հանվել է քիմիական նյութերի 53,6 տոկոսը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ համատեղ մամուլի ասուլիսում, որը կայացել է ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի ավարտին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ հայտարարություն է ընդունվել Ալ Քայիդայի հետ կապված գրոհայինների հարձակման վերաբերյալ Քեսաբ քաղաքի վրա Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ նշելով, որ հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները Քեսաբում ու փախչել Սիրիայի այլ շրջաններ կամ Լիբանան: Ռուսաստանը ելնում է այն դրույթից, որ հարկավոր է անհապաղ կասեցնել ահաբեկիչների գործողությունները:

Լավրովը նշել է, որ ռուսական կողմը բավականաչափ տեղեկություններ ունի տարբեր աղբյուրներից այն մասին, որ վտանգ կա, որ ահաբեկիչները կարող են խոչընդոտել քիմզենքի դուրս բերմանն ու հետագա ոչնչացմանը: Նա հավելել է. «Ըստ հաստատված փաստերի, կան Լաթաքիայում գտնվող օբյեկտների վրա հարձակման ծրագրեր, դա կարող է արվել նաև տեղափոխման ընթացքում, երբ նյութերը բեռնվում են ռազմանավերի վրա ոչնչացման կետ հասնելու համար», հյատնում է սիրիական SANA գործակալությունը:

Սիրիան համաձայնեց ոչնչացնել իր քիմիական զենքի պաշարները, բախվելով ԱՄՆ ու նրա դաշնակիցների կողմից ռազմական ուժի կիրառման վտանգի հետ՝ ի պատասխան օգոստոսի 21-ի քիմիական գրոհի Դամասկոսի վրա: Զարին գազով լցոնված հրթիռներով հրթիռակոծության հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին: Վաշինգտոնը չի կասկածում, որ դա Ասադի կողմնակիցների ձեռքի գործն էր: Սիրիայի կառավարությունը մեղադրում է ապստամբներին քիմիական գրոհի համար: Համարվում է, որ Սիրիան ունի մոտ 1000 տոննա քիմիական նյութեր: Սիրիան չի միացել Քիմիական զենքի արգելման կոնվենցիային: 1972 թվականին Դամասկոսը ստորագրեց կենսաբանական ու թունավոր նյութերի մշակումն արգելող կոնվենցիան, սակայն չի վավերացրել այն:

Ռուսաստանը Սիրիային է փոխանցել 75 միավոր ավտոմոբիլային տեխնիկա զենքը դուրս բերելու համար: Ըստ ՔԶԱԿ-ի որոշման, ամբողջ քիմզենքը պետք է դուրս բերվեր Սիրիայի տարածքից մինչև 2014 թ. փետրվարի 5-ը և ոչնչացվեր մինչև 2014 թվականի հունիսի 30-ը:

Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Արդեն մի քանի օր է սիրիական հայաբնակ Քեսաբում ողբերգական իրադարձություններ են կատարվում: Քեսաբը Սիրիայի ու Թուրքիայի սահմանին է, այնտեղ հազարավոր հայեր են ապրում, կան հայաբնակ բնակավայրեր, համայնքային ու կուսակցական հաստատություններ, դպրոցներ ու հիվանդանոցներ: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Ըստ Սարգսյանի, ապստամբները Սիրիա են ներթափանցել Թուրքիայից և աջակցություն են ստանում թուրք զինվորականներից: Վիրավոր գրոհայինները տեղափոխվում են Թուրքիա բուժման նպատակով:

Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարի: Ըստ ՄԱԿ-ի, այդ ընթացքում զոհվել է մոտ 125 հազար մարդ, 2 միլիոնը փախստական է դարձել, ևս 4 միլիոնը՝ ներքին տեղահանված անձիք են: Այժմ պայքար է գնում ինչպես կառավարական ուժերի ու ընդդիմության, այնպես էլ իսլամիստական խմբավորումների ներսում: Իսլամիստների նպատակն է ստեղծել շարիաթի օրենքներով ապրող պետություն: