Թուրքիայի կառավարությունը չեղյալ է համարել Twitter միկրոբլոգի արգելափակման մասին որոշումը: Այդ մասին ապրիլի 3-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ վարչապետ Էրդողանի աշխատակազմի ներկայացուցչի վրա հղումով: Թուրքիայի Սահմանադրական դատարանն արգելափակումն ապօրինի է ճանաչել՝ որակելով դա որպես խոսքի ազատության ու անձի իրավունքի խախտում: Մինչդեռ, իշխանությունները մեկ շաբաթից ավելի անտեսում էին այդ որոշումը:
Twitter-ի արգելափակման մասին որոշումը վարչապետը բացատրեց կառավարությունում կոռուպցիայի մասին տեղեկատվության տարածման դեմ պայքարելու անհրաժեշտությամբ: Նա հայտարարեց, որ մտադիր է «արմատախիլ» անել ռեսուրսը: Արգելքը բողոքներ առաջացրեց երկրի ներսում ու միջազգային արձագանք ստացավ, հայտնում է Armenia Today-ը:
Ավելի ուշ դատարանը չեղյալ համարեց արգելքը, դա վերաբերում է նաև YouTube հոսթինգի հասանելիությանը: Մինչդեռ, ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, Թուրքիայի վարչապետ Էրդողանը խստորեն քննադատել է Սահմանադրական դատարանի որոշումը:
«Մենք ստիպված ենք կատարել Սահմանադրական դատարանի որոշումը, բայց չպետք է պարտադիր հարգենք այն: Ես չեմ էլ հարգում այդ վճիռը: Դիտարկելով արգելափակման մասին հարցը՝ դատարանը պետք է մերժեր հայցը», - ասել է վարչապետը: Նա պարզաբանել է, որ հայցը ներկայացվել է անմիջապես ՍԴ և ստորին ատյանների դատարաններում չի քննվել: Ըստ Էրդողանի, դա խախտում է իրավունքի սկզբունքը:
«Կա ստորին ատյանների դատարանների որոշումը Twitter-ում խախտումների մասին, սակայն դուք ուշադրություն չեք դարձնում դրան: Պաշտպանելով ամերիկյան ընկերությունը՝ դատարանն անտեսում է մեր ազգային շահերը», -ասել է Էրդողանը: Մարտի 21-ի գիշերը Թուրքիայում արգելափակվեց Twitter-ը: Էրդողանը հավաստիացրեց, որ Թուրքիան առաջիկայում ևս կոշտ է գործելու սոցցանցերի հարցում, եթե չկատարվեն դատական որոշումներն աքաունթների փակման մասին՝ շեշտելով, որ միջազգային հանրության արձագանքը նրան չի հետաքրքրում:
Նույն օրը երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարեց, որ Twitter-ի ամբողջական արգելքի մասին Թուրքիայում խոսք լինել չի կարող: Ըստ նախագահի, եթե կան անձնական կյանքին միջամտության ապօրինի դեպքեր, կարող են փակվել միայն կոնկրետ էջեր, այն էլ դատարանի որոշմամբ: Twitter-ի փակումը Թուրքիայի վարչապետ Էրդողանի ելույթից մեկ օր անց բուռն արձագանք գտավ աշխարհում, հատկապես Եվրոպայում, որտեղ արտահայտվելու իրավունքը հիմնարար ազատություններից է:
Մեկնաբանելով եվրոպական որոշ երկրների քննադատությունը՝ Էրդողանը հորդորել է ԵՄ-ին «սեփական գործերով զբաղվել»: Բողոքելով Twitter-ի արգելափակման վերաբերյալ որոշման դեմ՝ 15-րդ վարչական դատարան էին դիմել Թուրքիայի Իրավաբանների միությունը, Անկարայի իրավաբանների միությունը, Թուրքիայի լրագրողների միավորումը, ինչպես նաև խորհրդարանի պատգամավոր Օքթայ Վուրալը: Ըստ երկրի օրենքի, հեռահաղորդակցությունների նախարարությունը պարտավոր է անհապաղ կատարել դատական որոշումը:
Մարտի 26-ին Անկարայի 15-րդ վարչական դատարանը չեղյալ համարեց Twitter-ի արգելափակումը: Թուրքիայի իշխանությունները մարտի 27-ին որոշում կայացրեցին YouTube տեսահոսթինգն արգելափակելու մասին:
Ինչպես նշում է պարբերականը, որոշումը կայացրել է Թուրքիայի հեռահաղորդակցությունների դեպարտամենտը (TIB) մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ YouTube-ում զետեղվեց Թուրքիայի ուժային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների տեսագրությունը, որտեղ քննարկվել է գործողությունների սցենարը Սիրիայում գտնվող Շահ Սուլեյմանի դամբարանի վրա ահաբեկիչների հարձակման դեպքում:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն իր հերթին հայտարարեց, որ հրապարակված տեսագրությունը, որն արվել է թաքնված տեսախցիկով, մասնակիորեն խմբագրված է: Նա տեսահոլովակի հրապարակումը համարել է «սպառնալիք ազգային անվտանգությանը»:
Թուրքիայում լուրեր սկսեցին շրջանառվել, որ Twitter-ի և Youtube-ի օրինակով Թուրքիայում կարող են արգելափակել նաև Facebook սոցիալական ցանցը: Ինչպես գրում է թուրքական Sondakika լրատվական կայքը: Այդ մասին ասվել է նախօրեին՝ մարտի 27-ին, թուրքական StarTV հեռուստաալիքի եթերում: