Բուենոս Այրեսի օրենսդիր խորհուրդն ապրիլի 3-ին Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ ընդունել է Վիրջինիա Գոնսալեսի ու Ռաքել Հերերոյի օրինագիծը, որն առաջարկում է ապրիլի 24-ը հայտարարել ХХ դարի առաջին ցեղասպանության օր:
Ինչպես հայտնում է Prensa Armenia-ն, խորհուրդը նաև ընդունել է Պաբլո Ֆերեյրայի նախագիծը, որով կրթության նախարարությանն առաջարկվում է այդ օրը տարբեր ժողովրդների հանդեպ հանդուրժողականության դասեր անցկացնել: «Կրթությունը կարևոր փուլ է մարդու իրավունքները հարգելու ու պաշտպանելու ուսուցման գործում: Ուստի, շատ կարևոր է աջակցել կրթական գործընթացում ցեղասպանության մասին տեղեկությունների ընդգրկմանը: Մենք պետք է ոչ միայն հիշենք այդ փաստերը, այլ նաև ծանոթ լինենք այն պայմաններին, որոնք հնարավոր դարձրեցին այդ վայրագ ու անմարդկային գործողությունները», -ասվում է Ֆերեյրայի հայտարարության մեջ:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը կնշեն նաև Նիդերլանդներում: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հայտնել Նիդերլանդների Հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (FAON), ապրիլի 22-ին Հաագայում կսկսվի բողոքի ակցիա ընդդեմ Օսմանյան կայսրության հանցագործությունների ու ժամանակակից Թուրքիայի գործողությունների սիրիական Քեսաբում: Ակցիան կմեկնարկի Հոլանդիայի խորհրդարանի մոտ, որտեղից ցուցարարներն երթով կգնան դեպի Նիդերլանդներում Թուրքիայի դեսպանություն:
Մարտի 21-ին «Ալ-Քաիդայի» հետ կապեր ունեցող ծայրահեղական «Ջաբհաթ ան Նուսրա» և «Ահրար աշ Շամ» մի քանի հազար հոգանոց խմբավորումները հարձակում են ձեռնարկել Քեսաբի շրջանի վրա՝ Թուրքիայի սահմանի մոտ, որտեղ բնակչության մեծ մասը հայեր են: Անօրինական զինված խմբավորումների հարձակումը, որն ըստ Դամասկողի հավաստման, կատարվել է հրետանային աջակցությամբ, այդ թվում՝ Թուրքիայի տարածքից տանկային համազարկերով, հանգեցրել է մի շարք բնակավայրերի, այդ թվում Քեսաբի ժամանակավոր կորստին: Ահաբեկիչների բարբարոսություններից խուսափելու համար Քեսաբի, Սամրայի, Նաբու ալ Մուրի հայ բնակչությունը լքել է տները և սիրիացի զինվորականների պաշտպանությամբ տեղափոխվել Լաթաքիա: Այժմ այնտեղ ապաստան է գտել մոտ 1800 հայ: Հայկական եկեղեցու խաչի փոխարեն կանգնեցվել է իսլամիստների սև դրոշը: Քեսաբի հայ բնակչության շրջանում զոհեր չկան: