8 ապրիլի 2014 - 17:21 AMT
Մերձավոր Արևելքը հայաթափվում է

Այն ամենն, ինչ հիմա կատարվում է Սիրիայում, տեղի է ունեցել նաև սուլթան Աբդուլ Համիդի, երիտթուրքերի ու Աթաթուրքի օրոք: Այդ մասին Մոսկվա-Երևան «Հայերի ցեղասպանությունը Սիրիայում. պատմությունը կրկնվո՞ւ մ է» թեմայով հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է ՌԴ Միջազգային հարցերի դաշնային խորհրդի կոմիտեի նախագահ Վլադիմիր Ջաբարովը: Ըստ նրա, ՄԱԿ լռությունը Քեսաբի իրադարձությունների մասին, մասնավորապես, հայերին սպառնացող վտանգների մասին, կապված է նրա հետ, որ Անվտանգության խորհրդի գրեթե բոլոր անդամները սատարում են ընդդիմությանը և դեմ են Բաշար Ասադին: «Ես հուսով եմ, որ մարդկությունն այնուամենայնիվ ուշքի կգա և կպաշտպանի Քեսաբն ու հայ բնակչությանը: Այս դեպքում խոսքը իսլամի ու քրիստոնեության բախման մասին է, ինչն, ըստ իս, քաղաքակրթության վերջը կլինի: ՄԱԿ-ն էլ Քեսաբի իրադարձությունները լոկալ խնդիր է համարում, ի տարբերություն Ուկրաինայի իրադարձությունների», -ասել է Ջաբարովը:

Իր հերթին ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը նշեց, որ աշխարհում գործում են ոչ միայն երկակի, այլ նույնիսկ եռակի ստանդարտներ: «Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և ԱՄՆ դաշնակից և նրան ամեն ինչ ներվում է: Իսկ չէ որ հայերի ցեղասպանությունը, աջակցությունը միջազգային ահաբեկչությանը՝ այս ամենը հակասում է միջազգային իրավունքին: Սակայն, Թուրքիան ինչ ուզում է՝ անում է: ՄԱԿ ԱԽ-ն «ցավագին» ընդունեց Ղրիմի հանրաքվեն, իսկ Քեսաբի մասին լռում է: Ինչ վերաբերում է բուն Թուրքիային, ապա հայերի համար այստեղ նորություն չկա: Դա ցեղասպան պետություն է, որն արդեն շուրջ 22 տարի է շրջափակման մեջ է պահում Հայաստանը, մշտապես սպառնում է և աջակցում է ազերի մարդասպաններին», -ասել է Բաբուխանյանը: Նա նշեց նաև, որ Սիրիան քրիստոնյաների ու մահմեդականների համերաշխ համակեցության հիանալի օրինակ էր, ինչպես և Իրաքը մինչ ԱՄՆ ներխուժումը:

Ըստ Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկու, Սիրիայում զինյալ խմբավորումները մի կարգախոս ունեն՝ «քրիստոնյաներին՝ Լիբանան, ալևիներին՝ գերեզման»: Նա նշել է նաև, որ Մերձավոր Արևելքում միայն երկու երկիր կա, որտեղ քրիստոնյաներն ու մահմեդականները խաղաղ գոյակցում են՝ Իրանն ու Իսրայելը՝ հավելելով, որ մյուս բոլոր երկրներում տոտալ ապաքրիստոնեացում է գնում, և ծայրահեղականների համար միևնույն է, դրանք արաբ քրիստոնյաներ են, հայեր թե ղպտիներ:

«Հիմա Թուրքիան որդեգրել է Օսմանյան կայսրությունը վերածնելու գաղափարը և Սիրիայում գործող բոլոր իսլամիստական խմբավորումները ծառայում են այդ նպատակին: Անիմաստ է դիմել համաշխարհային հանրությանը, որպեսզի այն դատապարտի Քեսաբի իրադարձությունները: Ես կարծում եմ, որ Մերձավոր Արևելքի ծայրահեղականացումը հնարավոր է կասեցնել միայն ռմբակոծելով Քաթարն ու Սաուդյան Արաբիան, ինչն անհնար է», -ասել է Եվգենի Սատանովսկին:

Ըստ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի, այժմ ընթանում է Մերձավոր Արևելքի հայաթափման հերթական փուլը: Նա հիշեցրել է, որ Քեսաբը մտնում էր Ալեքսանդրետի սանջակի մեջ, որը Առաջին համաշխարհային պատերազմից հետո անցել էր Թուրքիային և միայն Հռոմի պապ Պիոս XI և կարդինալ Աղաջանյանի միջնորդության շնորհիվ Քեսաբը վերադարձվեց Սիրիային: «Հիմա Թուրքիան ցանկանում է վերադարձնել այն», - նշեց Սաֆրաստյանը:

Ըստ քաղաքագետ Անդրեյ Արեշևի, Քեսաբի իրադարձությունները ցույց տվեցին հայկական լոբբիի ազդեցության շեմը: «Երբ խոսքը գնում է ԱՄՆ ազգային շահերի մասին, ամեն ինչ, այդ թվում նաև հայկական հարցը, ետին պլան է մղվում: Այժմ կարևոր է Ռուսաստանի հայերի համախմբումը: Ռուսաստանը կարող է վերանայալ ՄԱԿ ապակառուցողական դերը սիրիացիներին հումանիտար օգնության տրամադրման գործում ու իր վրա վերցնել դա», - ասաց Արեշևը:

Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիքներ (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթակիայում, իսկ մի քանի մարդու ճակատագիրն անհայտ է մնում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Զոհեր Քեսաբի հայերի թվում չկան:

«Վերջին հարձակումը կատարվել է Ալ-Քայիդայի ահաբեկչական խմբերի կողմից՝ Թուրքիայի տարածքից։ Դաժան գործողությունների արդյունքում, որոնք հիմնականում ուղղված էին քաղաքացիական բնակչության դեմ, տեղի ունեցավ բնակիչների տեղահանում։ Ծայրահեղական խմբավորումները պղծել են Քեսաբի հայկական եկեղեցիները և մեծ վնաս պատճառել բնակիչների սեփականությանը։ Սա շարունակվող մարդասիրական ճգնաժամ է։

Հաշվի առնելով էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, ներառյալ հայերի, պաշտպանության հրատապությունը Սիրիայում զինված հակամարտության պայմաններում, մենք խստորեն դատապարտում և համարում ենք անընդունելի նմանատիպ ուժի կիրառումը քաղաքացիական բնակչության նկատմամբ՝ անկախ էթնիկ և կրոնական ինքնությունից։

Մենք վճռականորեն կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու ահաբեկիչների կողմից իր տարածքի օգտագործումը և հետաքննել Թուրքիայի աջակցությունը ահաբեկչական խմբերին։

Միջազգային հանրությունը պետք է վճռական քայլեր ձեռնարկի՝ ապահովելու փախստականների, ներառյալ հայերի, անվտանգությունն ու ապահովությունը, հեշտացնի նրանց՝ սեփական բնակավայր տեղափոխվելու արագ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի պայմանները։ Միջազգային հանրությունը պետք է նաև իրականացնի անփոխարինելի մարդասիրական օգություն՝ փախստականների հրատապ կարիքների լուծման համար»,-ասվում է ԵԽԽՎ ընդունած գրավոր հայտարարության մեջ։

Հայտարարության տակ ստորագրել են ԵԽԽՎ 22 պատգամավորներ՝ Հայաստանից, Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից, Մոլդովայից, Սան Մարինոյից, Ֆրանսիայից, Իռլանդիայից, Պորտուգալիայից, Չեխիայից, Շվեդիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆինլանդիայից, Հունաստանից, Գերմանիայից։

Միևնույն ժամանակ Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ԵԽԽՎ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանի` մարտի 27-ին արված հայտարարությունն անվանել է «ամոթալի զրպարտություն» և «անհիմն մեղադրանք»: Հայ դիվանագետը հայտարարել էր, որ ծայրահեղական խմբավորումները և, մասնավորապես, «Ալ Քայիդան» հարձակման ժամանակ օգտագործել են Թուրքիայի տարածքը և հենց այնտեղից ներխուժել Քեսաբ: