Ֆրանսիական Շալոն սյուր Սոնում ապրիլի 24-ին տեղի կունենա ամերիկացի վավերագիր ու լուսանկարիչ Քեթրին Քուկի Հայոց ցեղասպանության մասին «Հիշողության ծառերը» գրքի շնորհանդեսը, որտեղ ցեղասպանության հետևանքները ցուցադրող բազմաթիվ լուսանկարներ կան:
«Հիշողության ծառերը» գիրքն այն գրքերից է, որը շատ դժվարությամբ է տրվում: Ինչպե՞ս կարելի է աշխարհին հասցնել Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը ֆոտոալբոմի միջոցով: Ինչպե՞ս ներկայացնել պատմությունը լուսանկարների միջոցով»,- գրում է գերմանական Kehrer Verlag հրատարակչության հաղորդագրության մեջ Բարբարա Կարֆը:
Հայոց ցեղասպանության փաստերը բավականին հեշտ է պարզել, չնայած դրա շուրջ շարունակվող «ճակատամարտին»: Բայց, ինչպես և ցանկացած ցեղասպանության դեպքում, երբ սպանվածների քանակը հաշվվում է հարյուր հազարներով և նույնիսկ միլիոններով, ոճրագործությունը հասկանալու մեր ընկալումը բթանում է: Պատկերացրեք այն ցավը, որ առաջացնում է շատ սիրելի մարդու կորուստը: Ուրեմն պատկերացրեք այդ նույն ցավը միլիոն անգամ բազմապատկված: Կամ փորձեք պատկերացնել մի մշակույթ, որը արտաքսվում է իր հողից և դա արվում է, որպեսզի այն անհետանա, ասվում է հաղորդագրության մեջ:
Բարբարա Կարֆը գրում է. «Լուսանկարը դրա համար իդեալական գործիք է, հաշվի առած դրա բոլոր սահմանափակումները, մասնավորապես, որ լուսանկարը չի կարող ցույց տալ այն, ինչը չի կարող ցուցադրվել: «Հիշողության ծառերի» համար Քուկը մեկնել է Թուրքիայի տարբեր գավառներ, որտեղից արտաքսվել են հայերը: Հարյուր տարի անց «այդ հողն աղաղակում է հայերի պատմությանն անդրադառնալու մասին: Գիրքը պետք է մի քանի անգամ դիտել՝ ընթերցողը պետք է վերադառնա կրկին ու կրկին և հաջորդ ազդեցությունը կուժեղանա նախորդի տեսածից»:
Հայոց ցեղասպանության առաջին լուսանկարիչը գերմանացի սպա Արմին Վեգներն էր՝ հետագայում գրող ու իրավապաշտպան: Լինելով Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ նա հարյուրավոր լուսանկարներ է արել, փորձել է ներկայացնել ողբերգական իրողությունը գերմանական հանրությանը: Վեգները նաև դիմել է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին՝ խնդրելով օգնել հայ բնակչությանը: