
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, համաձայն որոնց Հրանուշ Հակոբյանն արդեն չորրորդ անգամ վերանշանակվել է սփյուռքի նախարարի պաշտոնում, Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նշանակվել է քաղաքաշինության, իսկ Իզմիրյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Մուրադյանը՝ առողջապահության նախարար։
Ավելի վաղ Սերժ Սարգսյանի հրամանով վերանշանակվել էին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլայրանն ու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ինչպես նաև նախարարների պաշտոնում նշանակվել՝ էկոնոմիկայի՝ Կարեն Ճշմարիտյանն ու Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։
Նարեկ Սարգսյանն ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը։ 1976-1979 թթ. Աշխատել է ԵրՊԻ Գիտահետազոտական բաժանմունքում, 1980–1983 թթ. որպես ԵրՊԻ Արդյունաբերական և քաղաքացիական շենքերի ճարտարապետության ամբիոնի դասախոս։ 1989-ից ԵրՊԻ ճարտարապետության ամբիոնի դոցենտի պաշտոնակատար էր, 1991-1993 թթ.՝ ԵրՃՇԻ ճարտարապետության ֆակուլտետի դեկանի տեղակալ, 1993-1999 թթ. նույն ֆակուլտետի դեկան։ 1996-1998 թթ. ՀՀ ճարտարապետների միության փոխնախագահ էր, 1998-1999 թթ.՝ քաղաքաշինության հարցերով ՀՀ վարչապետի խորհրդական։
1999-2004 թթ․ Երևանի գլխավոր ճարտարապետի քաղաքապետի տեղակալ էր, 2008-2011 թթ.՝ ՀՀ գլխավոր ճարտարապետ, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ։ 2011-2013 թթ. Երևանի գլխավոր ճարտարապետն էր, 2013-ից` Կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ։
Հրանուշ Հակոբյանն ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի, այնուհետև իրավաբանական ֆակուլտետները։ 1978-1983 թթ. աշխատել է որպես ԵՊՀ ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարի տեղակալ, 1983-1985 թթ.՝ ՀԼԿԵՄ կենտկոմի քարտուղար, 1985-1990 թթ.՝ առաջին քարտուղար։ 1986-1990 թթ. եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ԳԽ նախագահության անդամ, 1990-1995 թթ.՝ ՀՀ ԳԽ և ԱԺ պատգամավոր, ԱԺ սոցիալական առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, 1995-1996 թթ.՝ ՀՀ ԳԽ և ԱԺ պատգամավոր, ԱԺ սոցիալական առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 1995-1997 թթ.՝ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, 1996-1998 թթ.՝ ՀՀ սոցապ նախարար, 1999-2003 թթ.՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԵՄ-Հայաստան հանձնաժողովի փոխնախագահ, 2008-ից էլ առ այսօր ՀՀ սփյուռքի նախարար է։
Արմեն Մուրադյանն ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուկտետը։ 1998-2006 թթ․ աշխատել է «Դիագնոստիկա» ԱԿ-ում, 2002-2003 թթ․՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի բժիշկ ուրոլոգ, 2003-2008 թթ․՝ նույն ԲԿ-ի ուրոլոգիական կլինիկայի ղեկավար։ 2004-2006 թթ․ եղել է առողջապահության նախարարի խորհրդական, 2006-ից մինչ օրս ՀՀ ԱՆ գլխավոր ուրոլոգն է։ 2011-ից մինչ օրս Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի վերընտրված նախագահն է։