25 ապրիլի 2014 - 10:21 AMT
Թուրքիան որոշել է անձնագրեր տալ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին

Ապրիլի 24-ին Թուրքիայի կառավարությունն որոշել է թուրքական անձնագրեր հանձնել այն հայերի ժառանգներին, «որոնք լքել են երկիրը 1915 թվականի իրադարձությունների ժամանակ», հայտնում է Hurriyet-ը:

Այժմ Թուրքիայի նախարարների կաբինետն ու ԱԳՆ-ն աշխատում են այդ հարցի վրա:

Նախարարների կաբինետի նիստում նման առաջարկ է արել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Թուրքիան երբեք քաղաքական հայտարարություններ չի անում որևէ ճնշման ներքո: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն՝ մեկնաբանելով Էրդողանի ապրիլի 23-ի հայտարարությունն Օսմանյան կայսրությունում հայերի ու այլ քրիստոնյա ժողովրդների ցեղասպանության տարելիցին նվիրված: Ինչպես գրում է Sabah-ը, Դավութօղլուն նշել է, որ Էրդողանի հայտարարությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս է կազմում և անակնկալ չէ: «Հայտարարությունն իրականում կոչ էր։ Մենք ընտրեցինք հայերի վիշտը կիսելու տարբերակը, և հուսով ենք, որ այդպես կվարվեն բոլոր կողմերը: Դա թույլ կատ վերջ տալ առճակատմանը, որն առկա է պատմական իրադարձությունների շուրջ: Հուսով ենք, որ մեր կոչն անարձագանք չի մնա», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը:

Նախօրեին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Օսմանյան կայսրության թուրք, քուրդ, արաբ, հայ և այլ ազգությունների քաղաքացիների համար, անկախ նրանց կրոնական ու ազգային պատկանելությունից, բարդ շրջան էր, լի դառը իրադարձություններով:

Անընդունելի է 1915 թվականի իրադարձություններն որպես պատրվակ ու Թուրքիայի հետ քաղաքական դիմակայության առարկա օգտագործելը: Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները մեր բոլորիս ընդհանուր ցավն են: Ողբերգական իրադարձությունները պետք է դիտարկվեն «արդար հիշողության» տեսակետից: Այնպիսի անմարդկային իրադարձությունները, ինչպիսին մարդկանց վերաբնակեցումն է, չպետք է խոչընդոտ դառնան թուրքերի ու հայերի միջև հարաբերությունների հաստատման համար:

Թուրքիայի Հանրապետությունը 1915 թ. իրադարձությունները գիտական առումով հետազոտելու համար մի միասնական պատմաբանների հանձնաժողով ստեղծելու կոչ արեց: Այդ առաջարկը դեռ ուժի մեջ է: Թուրք, հայ և միջազգային պատմաբանների համատեղ հետազոտությունը մեծ դեր կունենա 1915 թվականի իրադարձությունների լուսաբանման ու պատմության ճիշտ մեկնաբանության գործում: Ուստի մենք բացել ենք մեր բոլոր արխիվները հետազոտողների համար:

Մեր արխիվներում այսօր պահպանվող հարյուր հազարավոր փաստաթղթերը ներկայացված են պատմաբանների ուսումնասիրությանը: Թուրքիան, վստահորեն նայելով ապագային, միշտ աջակցել է գիտական ու համակողմանի հետազոտություններին՝ պատմության ճիշտ ընկալման համար: Հույսով և հավատով, որ նմանատիպ սովորություններ ու ավանդույթներ ունեցող հին ժողովուրդները, որոնք միևնույն, բարդ աշխարհագրական տարածքին են պատկանում, կարող են միասին ու արժանի կերպով հիշել իրենց անցյալն ու կորուստները: Մենք ցանկանում ենք, որ 20-րդ դարի սկզբին զոհված հայերի հոգիները խաղաղությամբ հանգչեն, իսկ նրանց թոռներին հայտնում ենք մեր ցավակցությունը: Մենք հիշում ենք Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին, ինչ կրոն էլ նրանք դավանեն և ինչ ազգության էլ պատկանեն, որոնք զոհվեցին այդ շրջանում նման պայմաններում: Թող հանգչեն խաղաղությամբ»:

Photo: Migratie