23 դեկտեմբերի 2002 - 18:30 AMT
ԹԲԻԼԻՍԻՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ 6-7 ՏԱՐՈՒՄ ԴՈՒՐՍ ԲԵՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Եթե Վրաստանի տարծքից ռուսական ռազմակայանների 6-7 տարում դուրս բերման վերաբերյալ առաջարկությունները հնչեն ոչ միայն Ռուսաստանի առանձին քաղաքական գործիչների շուրթերից, այլեւ առաջարկվեն պաշտոնական Մոսկվայի կողմից համապատասխան բանակցություններում, Թբիլիսին պատրաստ կլինի մանրամասն վերլուծել դրանք: Այդ մասին, վրացական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Իրաքլի Մենաղարիշվիլին: Փաստորեն նա արտահայտել է պաշտոնական Թբիլիսիի արձագանքը Ռուսաստանի խորհրդարանի պատգամավոր, ՌԴ Սահմանապահ դաշնային ծառայության նախկին տնօրեն Անդրեյ Նիկոլաեւի հայտարարությանն այն մասին, որ Վրաստանից ռուսական ռազմակայանների դուրս բերումը հնարավոր է 6-7 տարվա ընթացքում, այլ ոչ թե` 3, ինչպես պահանջում է Վրաստանը: Հիշեցնենք, որ Վրաստանում տեղակայված ռուսական ռազմակայաններից մեկը գտնվում է հայաբնակ Ախալքալաքի շրջանում: