5 մայիսի 2014 - 14:17 AMT
The Wall Street Journal. Ռուսաստանի դեմ տնտեսական խիստ պատժամիջոցները «կծայրահեղականացնեն» երկիրը

Ղրիմի բռնակցումն, անկասկած, միջազգային իրավունքի խախտում էր: Սակայն, պետք է հաշվի առնել, որ այս ճգնաժամը հրահրեց Արևմուտքը, գրում է Մյունխենի Տնտեսական հետազոտությունների ինստիտուտի նախագահ Հանս Վերներ Զիննը The Wall Street Journal-ում: Ըստ նրա, ՆԱՏՕ-ի ժեստերը Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի հասցեին վերջին տարիներին փաստորեն սպառնում էին շրջապատել ՌԴ Սևծովյան նավատորմն իր միակ չսառչող նավահանգստում:

«Եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ Ռուսաստանն ընդամենը տարածաշրջանային տերություն է, որը ստիպված է հաշտվել դրա հետ, ապա չարաչար սխալվում է: Ռուսաստանը նույնքան եռանդով էր բողոքում, որքան ԱՄՆ-ն Կարիբյան ճգնաժամի ժամանակ: Մոսկվան իր գործիքը դարձրեց հանրաքվեն Ղրիմում, սակայն ամեն ինչ կարող էր շատ ավելի վատ լինել»,-ասվում է հոդվածում:

«Եթե Ռուսաստանը նոր բռնակցումներ ծրագրի, մենք ստիպված կլինենք նոր պատժամիջոցներով պատասխանել,-խոստովանում է տնտեսագետը, սակայն զգուշացնում.-Պետք է գործել զգուշավոր. սթափ դատող ոչ մի կողմ հանդես չի գա Ռուսաստանի ապակայունացման ու առևտրային պատերազմի օգտին: Ռուսաստանն արդեն իսկ թուլացած է կապիտալի արտահոսքի պատճառով»:

Զիննը մտավախություն ունի, որ կոշտ տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ «կծայրահեղականացնեն երկիրն ու աշխարհը կրկին կհայտնվի սառը պատերազմի դարաշրջանում»: Այս առնչությամբ հեղինակն առաջարկում է մի միջոց, որը միաժամանակ կբարձրացնի Ռուսաստանի համար հետագա տարածքային զավթումների գինը և կավելացնի հակամարտության խաղաղ կարգավորման շանսերը՝ եթե Եվրամիությունն առանց մաքսատուրքի առևտրի վերաբերյալ համաձայնագիր կնքի Ռուսաստանի ու Ուկրաինայի հետ:

«2010 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկեց առևտրի ազատ գոտի ստեղծել Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ,-հիշեցնում է փորձագետը:-Ուրեմն ի՞նչ պատահեց: ԵՄ-ն սկսեց աշխատել Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի ու Հայաստանի հետ առևտրի ազատ գոտու մասին համաձայնագրի վրա: Դա միայն խորացրեց Մոսկվայի նյարդայնությունը, քանի որ սպառնում էր Ռուսաստանին մաքսային արգելքներով»:

«Ազատ առևտուրը հումքային ապրանքների վրա մասնագիտացող երկրի հետ, ինչպիսին Ռուսաստանն է, որը կլրացներ Արևմուտքի արտադրողական մասնագիտացումը, մեծ առևտրային եկամուտ է խոստանում, որը զգալիորեն կբարձրացնի առևտրից ստացվող շահույթը նման տնտեսությունների միջև առանձին առանձին»,-ասվում է հրապարակման մեջ: «Քաղաքական կայունության պայմաններում Արևմուտքի հետ ազատ առևտրի առաջարկը Ռուսաստանին կնպաստեր խաղաղության պահպանմանը, տնտեսապես շահավետ կլիներ Եվրոպային ու առաջ կտաներ «փոփոխություններ մերձեցման միջոցով» քաղաքականությունն, որն առաջին անգամ հաջողությամբ կիրառեց Վիլլի Բրանդտը ԳԴՀ հարցում»,-գտնում է Զիննը: Մինչդեռ, չնայած ենթադրվող պատժամիջոցներին, Debenhams-ին ռուսական շուկայում մտադիր հաջորդել բրիտանական մեծ հանրախանութների չափերով երրորդ ցանցը՝ House of Fraser-ը: Ընկերության նոր սեփականատերը, չինացի միլիարդատեր Յուան Յաֆեյը, հայտարարել է, որ մտադիր է խանութներ բացել Ռուսաստանում, Չինաստանում ու Մերձավոր Արևելքի երկրներում, գրում է The Financial Times-ը:

Ըստ գործարարի, House of Fraser ցանցի չորս խանութ կբացվի Ռուսաստանում 2-3 տարուց: Յուան Յաֆեյին պատկանող Sanpower ընկերությունը ձեռք է բերել բրիտանական առևտրային ցանցի բաժնետոմսերի 89 տոկոսը նախորդ ամիս: Մինչ այդ միլիարդատերը հայտարարել է, որ House of Fraser-ի գնումը պետք է օգնի չինական ռիթեյլերին լուծել էլեկտրոնային առևտրի բուռն զարգացման պատճառով աճող խնդիրները:

House of Fraser-ն Եվրոպայի հնագույն խանութներից է: 1849 թվականին հիմնված հանրախանութների ցանցը մոտ 60 խանութ ունի Մեծ Բրիտանիայում: Խանութն իրացնում է անգլիական արտադրության հագուստ, կոշիկ, դիմահարդարման միջոցներ, ապրանքներ տան համար միջին գնային կատեգորիայի գնորդների համար: