5 մայիսի 2014 - 17:30 AMT
ՀԱՊԿ-ն ավելի շատ ուշադրություն կդարձնի երիտասարդությանն ու տեղեկատվական անվտանգությանը

ՀԱՊԿ-ը մտադիր է ավելի շատ ուշադրություն դարձնել տեղեկատվական ոլորտին ու տեղեկատվական անվտանգությանը, երկուշաբթի լրագրողներին է հայտարարել ՀԱՊԿ վերլուծական ասոցիացիայի համակարգող, պրոֆեսոր Իգոր Պանարինը «Հավաքական ինքնապաշտպանություն. քաղաքական խնդիրներ և իրավական ասպեկտներ» գիտագործնական միջազգային կոնֆրեանսի կուլուարներում:

Երկօրյա «Հավաքական ինքնապաշտպանություն. քաղաքական խնդիրներ և իրավական ասպեկտներ» գիտագործնական միջազգային կոնֆերանսը մեկնարկել է Երևանում: Գիտաժողովը կազմակերպել է ՀՀ-ում ՀԱՊԿ ինստիտուտը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) և Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի հետ համատեղ: Խորհրդաժողովին մասնակցում են գիտնականներ, փորձագետներ, քաղաքագետներ, դասախոսներ, գործնական աշխատակիցներ ՀԱՊԿ անդամ երկրներից, ինչպես նաև ԱՊՀ, Եվրոպայի ու այլ երկրների համալսարաններից ու գիտական կենտրոններից: Պանարինը հայտնել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի առաջարկով հունիսի վերջում Մոսկվայում տեղի կունենա հատուկ միջոցառում, նվիրված տեղեկատվական ոլորտի խնդիրներին. բլոգեր, լրատվական սադրանքներ, կիբերհարձակումներ:

«Իրադարձությունները Մերձավոր Արևելքում ու Ուկրաինայում վկայում են այն մասին, որ սոցցանցերն ու բլոգերը հաճախ օգտագործվում են ներքաղաքական իրավիճակի ապակայունացման, նույնիսկ պետական կարգերի տապալման համար: Անշուշտ, մենք չենք կարող հեռու մնալ այդ թեմայից և կմշակենք հակազդեցության տեխնոլոգիաներ»,-հայտարարել է Պանարինը: Նա հավելել է, որ տեղեկատվական ոլորտը կազմակերպության ուշադրության կենտրոնում է լինելու ՀԱՊԿ-ի ավանդական ոլորտների հետ միասին, ինչպիսիք են ռազմական անվտագությունը, ուժային խմբավորումների ձևավորումը, ռազմական ագրեսիայի հակազդեցության միջոցները, հակազդեցությունը թմրանյութերի շրջանառությանն ու ապօրինի միգրացիային, հայտնում է ԱՐԿԱ գործակալությունը:

Ըստ «Նովոստի Արմենիա» գործակալության, Իգոր Պանարինը նաև հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը մտադիր է շեշտադրել նաև աշխատանքն երիտասարդության հետ կազմակերպության անդամ երկրներում: Ըստ նրա, բուհերի ռեկտորները, որոնք մտնում են ՀԱՊԿ Համալսարանական լիգայի կազմի մեջ, որը ստեղծվել է ապրիլի 22-ին, ուշադրություն են դարձրել, որ այժմ իրենց երկրների առջև խնդիր է դրված ապահովելու ոչ միայն ավանդական տեղեկատվական անվտանգությունը, այլ նաև անվտանգությունը հոգևոր, բարոյական արժեքների ոլորտում, հատկապես երիտասարդական ոլորտում:

Ըստ նրա, մասնավորապես ենթադրվում է ավելի շատ տեղեկատվական ու բացատրական աշխատանք անցկացնել, դասավանդողների, ուսանողական խմբերի փոխանակումներ կազմակերպել, ինչպես նաև անվտանգության տարբեր ուղղությունների վերաբերյալ տվյալների համատեղ բազա ստեղծել, որից ազատ կկարողանան օգտվել ՀԱՊԿ համալսարանական լիգայի բոլոր մասնակիցները:

Պանարինը հայտնել է նաև, որ ՀԱՊԿ Համալսարանական լիգային մասնակցում են Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ), Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանն ու Հայաստանի նախագահին կից Կառավարման ակադեմիան: