
Կառավարության որոշմամբ Կովալենկո Շահգալդյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Կոտայքի մարզպետի պաշտոնից: Հաջորդ որոշումներով գործադիրը Կոտայքի մարզպետ է նշանակել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին, Արարատի մարզպետ՝ Ռուբիկ Աբրահամյանին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետներին, նրանց մաղթել արդյունավետ աշխատանք:
Նա հատուկ շեշտել է, որ Ռուբիկ Աբրահամյանն իր բարեկամը չէ: Վերջինս զբաղեցրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը, ունի աշխատանքային երկար տարիների փորձ պետական կառավարման համակարգում, մասնավորապես բարձր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ էներգետիկայի, բնապահպանության և տարածքային կառավարման նախարարություններում:
Մինչ այդ, Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանը: