13 մայիսի 2014 - 14:24 AMT
Բաքուն ոչ մարտական կորուստները վերագրում է հրադադարի ռեժիմի խախտմանը

«Դոկտրին» լրագրողական հետազոտությունների կենտրոնը հրապարակել է զոհված ու վիրավորված ադրբեջանցի զինծառայողների վիճակագրությունը շփման գծում հրադադարն ուժի մեջ մտնելուց հետո՝ 1994 թվականի մայիսի 12-ից: Ինչպես հայտարարել է կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերինլին, 20 տարում զոհվել է 610 ադրբեջանցի զինվորական: Վիրավորների ընդհանուր թիվը 710-ից ավելի է, հայտնում է Turan գործակալությունը:

Տեղեկատվությունը հիմնված է ԶԼՄ-ների մշտադիտարկման, ռազմական աղբյուրների, զինվորների ծնողներից ստացած տեղեկությունների վրա: Բացի այդ, այդ նույն ժամանակահատվածում 120 ադրբեջանցի զինծառայող է մահացել և ևս 200 վիրավորվել ականների պայթյունի հետևանքով:

Ըստ ադրբեջանական կազմակերպության, 20 տարում հրադադարի խախտումից զոհվել է 15 քաղաքացիական անձ, ևս 40 վիրավորվել է: Ականների վրա պայթել ու զոհվել է 18 քաղաքացիական անձ, ևս 25-ը վիրավորվել է:

30 ադրբեջանցի զինվորական գերեվարվել է, որոնցից 5-ը տեղափոխվել են երրորդ երկիր, մյուսները վերադարձվել են: Միևնույն ժամանակ, «Դոկտրինը» չի բացառում, որ վերոնշյալ թվերը կարող են ավելի մեծ լինել:

Մինչդեռ, 2014 թվականի սկզբից գրանցվել է հրադադարի խախտման մոտ 7 հազար դեպք ադրբեջանական կողմից: Հակամարտության ռազմական փուլին վերջ դրած հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից 20 տարի անց դեռևս զոհվում են զինծառայողներ և խաղաղ բնակիչներ։ Մեր խորին համոզմամբ նման գործողությունները պայմանավորված չեն ռազմական անհրաժեշտությամբ և, ըստ էության, կանխամտածված սպանություն և ոչնչով չարդարացված ահաբեկչական գործողություններ են: Ապրիլի լույս 15-ի գիշերը ադրբեջանական ԶՈւ կրկին գնդակոծել են Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը: Գնդակծությունը շարունակվեց երեկոյան և շարունակվեց մինչև գիշերվա 3-ը: Գյուղի բնակիչները հայտնեցին, որ այս անգամ գնդակոծությունն աննախադեպ ինտենսիվություն է ունեցել: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում հաստատեց լուրը. «Կրակոցները եղել են երեկոյան, մերոնք համարժեք պատասխան են տվել, ինչից հետո կրակոցները դադարել են:

Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան»: Կրակոցների հետևանքով Այգեպարը գազազրկվել էր, քանի որ վնասվել էր գյուղի գազատար խողովակը:

Ապրիլի 7-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Մարջանլու) ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկվել է հերթական դիվերսիոն հետախուզական գործողություն: Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով ադրբեջանական գրոհայինների առաջխաղացումը` դիմել են հակազդիչ գործողությունների և նրանց հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Նահանջի ճանապարհին` պայթելով պաշտպանական հատվածում տեղադրված ականադաշտում` հակառակորդը տվել է 3 զոհ (որից մեկը` սպա) և 6 վիրավոր:

Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել: Միջադեպից հետո ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և շփման գծի ողջ երկարությամբ վերահսկում իրավիճակը:

Մարտի 27-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելիս մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արայիկ Բաբայանը: Ավելի ուշ պարզվել էր, որ զինծառայողը զոհվել է հակառակորդի կողմից արձակված կրակոցից։

Եվս մեկ զինծառայող՝ 1992թ. ծնված Գառնիկ Թորոսյանը, հակառակորդի կողմից արձակված փամփուշտից զոհվել էր մարտի 24-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտական առաջադրանք կատարելիս։ Փաստի առթիվ քրգործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգքրի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով, այն է՝ «Սպանություն՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով»:

Հակառակորդի վերջին դիվերսիոն փորձը հունվարի 19-ի լույս 20-ի գիշերն էր, երբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էին արձանագրվել: ԼՂՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները երկու ուղղություններում էլ անցել էին կազմակերպված պաշտպանության՝ հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ, հետ շպրտել իր ելման դիրքերը:

Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը, ում ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հետմահու պարգևատրել էր «Արիության համար» մեդալով:

Մարտի 7-ին ադրբեջանական լրատվականներում տեղեկություն է տարածվել, որ «Թովուզի շրջանում, երկաթգծի մոտակայքում» հայ-ադրբեջանական սահմանը հատելիս ՀՀ քաղաքացի են ձերբակալել: Ադրբեջանական APA-ին երկրի Ռազմագերիների, պատանդների ու անհետ կորածների վարչության պետհանձնաժողովի նախագահ Շահին Սաիլովն ասել է, որ Հայաստանի քաղաքացին 20-22 տարեկան է, ինքնությունը դեռ հաստատված չէ: Ավելի ուշ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, որ դա Արսեն Խոջոյանն է, 1991 թվականի ծնված:

Ավելի ուշ Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետը հայտնեց, որ իրենց գյուղում բնակվում է այդ նույն անուն ազգանունով երիտասարդ, որի գտնվելու վայրն այժմ անհայտ է: Նա հունվարի 28-ին Հայաստանի սահմանը հատած Մամիկոն Խոջոյանի բարեկամն է:

Հունվարի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ «Ադրբեջանի Թովուզի շրջանում ձերբակալվել է հայկական դիվերսիոն խմբի զինված ուղեկցորդը, ձերբակալվածը ՀՀ 65-ամյա քաղաքացի Մամիկ Տիգրանի Խոջայանն է: Կարճ փոխհրաձգությունից հետո հետախուզական դիվերսիոն խումբը նահանջել էր: Այդ ընթացքում խմբի ուղեկցորդ Մամիկ Խոջայանը, զինված և վիրավոր, գերվել է Ադրբեջանի ԶՈւ զինվորների կողմից»,- գրել էին ԶԼՄ-ները։

Հունվարի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցները բանակցություններ էին սկսել Ադրբեջանի իշխանությունների հետ, որպեսզի ԿԽՄԿ աշխատակիցներին թույլ տան այցելել Խոջոյանին: Մարտի 4-ի երեկոյան ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում էր, թե մեկ ամսից ավելի գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով: Հայրենադարձվելուց հետո Խոջոյանը տեղափոխվել էր Իջևանի բժշկակական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնին բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ են հայտնաբերվել:

Գերությունից հայրենիք վերադարձած Մամիկոն Խոջոյանը Իջևանի բժշկական կենտրոնից Երևան է տեղափոխվել մարտի 6-ին, որտեղ նրանց վիրահատել էին:

Իջևանի բժշկական կենտրոնում վնասվածքաբան Գոռ Ամրոյանի կատարած նախնական զննությամբ պարզվել է, որ Մամիկոն Խոջոյանի մոտ առկա են բազմակի կոտրվածքներ, վնասվածքներ, ինչպես նաև բազմաթիվ վերքեր և սալջարդեր:

Ադրբեջանական գերության մեջ մի քանի ամիս անցկացրած Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը վատացել է, չի կարողանում քայլել, իսկ վիրահատած ձեռքն ամբողջությամբ ուռել է: Այդ մասին տեղեկացրել է նրա դուստրը՝ Հեղինե Խոջոյանը:

Իջևանի բժշկական կենտրոնի վնասվածքաբան Էմիլ Բրուտյանն «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ ծերունին վնասվածքները ստացել է գերի ընկած ժամանակ: «Համենայնդեպս, մի ամսվանից շուտ չի ունեցել այդ վնասվածքները, որովհետև մի մասը ապաքինման փուլում է։ Կոտրվածքներ ունի, մարմնի տարբեր հատվածներում կան սալջարդեր, քերծվածքներ՝ գլխին, բազկի շրջանում, ձախ ազդրի շրջանում։ Հարվածների հետևանքներ են, որովհետև դրանք կենցաղային վնասվածքների բնույթը չունեն»,- նշել է բժիշկը։

«Ընդդեմ իրավական կամայակության» ՀԿ նախագահը, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, Խոջոյանի գործով ՀԿ-ն պատրաստվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան հրավիրել Ադրբեջանին:

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ Խոջոյանին առանձին դաժանությամբ խոշտանգելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել։

«Մամիկոն Խոջոյանին գերի լինելու ընթացքում, ազգային, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթներով դրդված մի խումբ անհայտ անձանց կողմից, առանձին դաժանությամբ, դիտավորությամբ նրա առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ այսօր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 6-րդ և 12-րդ կետերով, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրությունում։

Մայիսի 6-ի առավոտյան ադրբեջանական լրատվականները, հղում անելով Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների ու անհետ կորածների վարչության պետհանձնաժողովին, տեղեկություն տարածեցին, որ 2014-ի ապրիլի 20-ին ձերբակալված հայ Վագիֆ Ռուբենի Մաելյանը բարեհաջող վերադարձվել է հայրենիք: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշեց, որ գերու փոխանցումը տեղի է ունեցել Ադրբեջանի ԼՂՀ հետ սահմանում` Աղդամի շրջանի Բաշ Քարվենդ գյուղի տարածքում:

2013-ի օգոստոսի 8-ից գերության մեջ է զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, որը չկողմնորոշվելով տեղանքում, հատել էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն ու հայտնվել ադրբեջանական ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում: Մի քանի օրից ադրբեջանական ռեսուրսներում հայտնվեց հայ զինծառայողի Ադրբեջանի ANS ալիքին «հարցազրույցի» տեսագրությունը, որտեղ նա իբր պատմում է, թե ինչպես է «անցել ադրբեջանական կողմ»: Ավելի ուշ հայտնվեց երկրորդ «հարցազրույցը», որտեղ հայ գերեվարված զինվորը հայտարարել էր, իբր չի ցանկանում վերադառնալ Հայաստան ու երրորդ երկիր մեկնելու ցանկություն հայտնել:

Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ինջիղուլյանի «հարցազրույցները» տրված են ճնշման ներքո և կոչ արել ԿԽՄԿ-ին բոլոր ջանքերը գործադրել նրան շուտափույթ հայրենիք վերադարձնելու համար, որտեղ ռազմագերու հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվի՝ իր գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Ի դեպ, նախկինում ևս ադրբեջանական գերությունից վերադարձած Հայաստանի ոչ մի քաղաքացի քրեական հետապնդման չի ենթարկվել: Գևորգյանների ընտանիքը սահմանը հատելով ադրբեջանական կողմ է անցել 2010 թվականի հունվարին և երրորդ երկիր մեկնելու ցանկություն է հայտնել:

Մի քանի օրից ադրբեջանական ռեսուրսներում հայտնվեց հայ զինծառայողի Ադրբեջանի ANS ալիքին «հարցազրույցի» տեսագրությունը, որտեղ նա իբր պատմում է, թե ինչպես է «անցել ադրբեջանական կողմ»: Ավելի ուշ հայտնվեց երկրորդ «հարցազրույցը», որտեղ հայ գերեվարված զինվորը հայտարարել էր, իբր չի ցանկանում վերադառնալ Հայաստան ու երրորդ երկիր մեկնելու ցանկություն հայտնել:

Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ինջիղուլյանի «հարցազրույցները» տրված են ճնշման ներքո և կոչ արել ԿԽՄԿ-ին բոլոր ջանքերը գործադրել նրան շուտափույթ հայրենիք վերադարձնելու համար, որտեղ ռազմագերու հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվի՝ իր գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Ի դեպ, նախկինում ևս ադրբեջանական գերությունից վերադարձած Հայաստանի ոչ մի քաղաքացի քրեական հետապնդման չի ենթարկվել:

2010 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Թթու ջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանը գերեվարվել էր ադրբեջանցիների կողմից, նրան «դիվերսանտ» հայտարարեցին: Հոկտեմբերի լույս 5-ի գիշերը Սարիբեկյանն իբր ինքնասպանություն գործեց: