13 մայիսի 2014 - 15:13 AMT
Գերմանիայի ԱԳ նախարարը Կիևում ներկայացրել է ԵԱՀԿ «ճանապարհային քարտեզը»

Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը մեկնել է Կիև Ուկրաինայում ճգնաժամի հանգուցալուծման դիվանագիտական ճանապարհ գտնելու նպատակով ու ԵԱՀԿ ներկայացրած «ճանապարհային քարտեզին» սատարելու համար: ԵԱՀԿ ծրագիրը 4 մասից է բաղկացած. ձեռնպահ մնալ ուժի կիրառումից, զինաթափվել, ազգային երկխոսություն սկսել և ընտրություններ անցկացնել:

Կիրակի օրը Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անկախության մասին հանրաքվեներից հետո դաշնայնացման կողմնակիցները տարածաշրջանները հռչակեցին «ինքնիշխան պետություններ», հայտնում է ВВС-ին:

Ինքնահռչակ ու Դոնբասից այն կողմ չճանաչված Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը մայիսի 12-ին ցանկություն է հայտնել միանալ Ռուսաստանին:

Կիևը, ԱՄՆ-ն ու Եվրամիությունը Դոնբասի հանրաքվեն ապօրինի են համարում ու չեն ճանաչում նրա արդյունքները: Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը մայիսի 12-ին մասնակցել է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը, որտեղ ընդլայնվեց այն անձանց ու ընկերությունների ցուցակը Ռուսաստանից ու Ղրիմից, որոնք մասնակից են թերակղզու բռնակցմանը ՌԴ-ին և որոնց դեմ պատժամիջոցներ են կիրառվում: Նա ասել է, որ իրենք «չեն կարող լուրջ վերաբերվել» այսպես կոչված հանրաքվեին Ուկրաինայի արևելքում:

Մինչդեռ ԵԱՀԿ-ն մտադիր է նաև ազգային երկխոսություն նախաձեռնել Ուկրաինայում, որը գլխավորելու են ԵԱՀԿ ներկայացուցիչը և Ուկրաինայի դեռ անհայտ ներկայացուցիչը: Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շեֆերն ասել է, որ իր այցով Կիև Շտայնմայերը կաջակցի ազգային «կլոր սեղանին» ԵԱՀԿ մասնակցությամբ:

«Ազգային երկխոսության» գաղափարն Ուկրաինայում այսպես կոչված «ճանապարհային քարտեզի» անկյունաքարն է: ԵԱՀԿ նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալթերն արդեն քննարկել է «քարտեզի» սկզբունքները ժնևյան բանակցությունների բոլոր մասնակիցների հետ: Ըստ նրա, դրական են արձագանքել Ուկրաինան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն: Միաժամանակ Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ մտադիր է երկխոսություն սկսել Ուկրաինայի արևելքի հետ, սակայն մանրամասներ չի ներկայացրել:

Անցած հանգստյան օրերին Ուկրաինայի կառավարությունն ու Դիդիե Բուրկհալթերը մանրամասն քննարկել են ազգային երկխոսության սկզբունքները, ինչպես նաև կլոր սեղանի շուրջ մի շարք բանակցությունների հնարավորությունն, ասվում է ԵԱՀԿ հայտարարության մեջ:

Այն հարցին, թե արդյոք երկխոսությանը կմասնակցեն ռուսալեզու շրջանների ներկայացուցիչները, գերմանացի նախարարն ասել է. «Անշուշտ, առանց արևելքի ու արևմուտքի ներկայացուցիչների երկխոսությունն իմաստ չի ունենա:

Բուրկհալթերը կարևորել է այն հանգամանքը, որ երկխոսությունը կազմակերպում են Ուկրաինայի իշխանությունները: Ըստ նրա, նա շատ ուրախ է, որ Կիևը համաձայնվել է, որ համանախագահները լինեն ուկրաինացի դեռևս անհայտ ներկայացուցիչն ու բարձրաստիճան գերմանացի դիվանագետ Վոլֆգանգ Իշինգերը:

Նախկինում Իշինգերը դեսպան է եղել ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում, մասնակցել է Դեյթոնի բանակցություններին Բոսնիայի վերաբերյալ և դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցի շուրջ:

Յացենյուկի հետ բանակցություններից հետո Շտայնմայերը կարևորել է երկոխսությունն ռուսամետ անջատողականների ու Կիևի կառավարության միջև:

«Մենք բոլորս կողմ ենք ազգային երկխոսություն սկսելու նախաձեռնությանը»,-ասել է նա՝ հավելելով, որ մայիսի 25-ին նախագահական ընտրությունները վճռական դերակատարություն կունենան գործընթացում:

Մինչդեռ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նառիշկինը կոչ արեց Ուկրաինայի իշխանություններին «հանրային պայմանագիր» կնքել բոլոր շրջանների հետ ու ամրագրել այն Սահմանադրության մեջ: Ըստ նրա, այդ տարբերակը թույլ կտա խուսափել քաղաքացիական պատերազմից:

«Մենք գտնում ենք, որ դեռ կարելի է կասեցնել ճգնաժամի սրացումը, այդ ուղին միակ ճանապարհն է և իրականացվում է հանրային պայմանագրի միջոցով, որն ամրագրվում է սահմանադրության մեջ»,-ասել է Նառիշկինը: Խոսնակը հավելել է, որ երեքշաբթի Պետդուման ուղերձով կդիմի այլ երկրների խորհրդարաններին: Պատգամավորները մտադիր են իրենց արտասահմանցի գործընկերներին խորհրդակցություններ առաջարկել ուկրաինական ճգնաժամից դուրս գալու ուղիներ մշակելու համար: «Մենք կառաջարկենք ստեղծել Ուկրաինայի գծով միջազգային շփման խումբ ԵԱՀԿ ԽՎ հարթակում»,-ասել է Պետդումայի ներկայացուցիչը:

Ամբողջ ճգնաժամի ընթացքում Գերմանիան շեշտել է ՌԴ հետ բանակցությունների անհրաժեշտությունը, քանի որ Կիևը Ռուսաստանի հետ կապված է առևտրային ու էներգետիկ կապերով:

Բուն Գերմանիայում միասնություն չկա Ուկրաինայի հարցում: Բարձրաստիճան քաղաքական գործիչներից շատերը ըմբռնումով են մոտենում Մոսկվայի դիրքորոշմանը: Նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը կիրակի օրը գերմանական մամուլին հերթական անգամ տված հարցազրույցում պաշտպանել է իր ընկեր Վլադիմիր Պուտինին՝ հավելելով, որ վերջինս անցանկալի անձ չէ: Շրյոդերը եղել է Գազպրոմին պատկանող «Հյուսիսային հոսքի» ղեկավար կազմում:

Ապրիլի 17-ին Ժնևում տեղի ունեցան Ուկրաինայի, ՌԴ, ԱՄՆ ու ԵՄ բանակցությունները երկրի արևելքում ճգնաժամի կարգավորման շուրջ: Կողմերը պայմանավորվեցին լարվածությունը նվազեցնելուն ուղղված միջոցների, մասնավորապես, ապօրինի զինյալ կազմավորումների զինաթափման մասին: Սակայն, ապրիլին ոչ մի գործնական քայլ չարվեց:

Փետրվարի վերջում Ուկրաինայի Գերագույն ռադան հեռացրեց իշխանությունից նախագահ Վիկտոր Յանուկովիչին, փոխեց սահմանադրությունը, նախագահի պարտականությունները դնելով խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի վրա ու մայիսի 25-ին նախագահական ընտրություններ նշանակելով: Մոսկվան գտնում է, որ Գերագույն ռադայի որոշումների օրինականությունը կասկածելի է:

Մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե: Քվեարկության մասնակցած թերակղզու բնակիչների մեծ մասը արտահայտվեց Ռուսաստանին միանալու օգտին: Ավելի ուշ Ղրիմի Գերագույն խորհուրդը անկախություն հռչակեց: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Ղրիմի ու Սևաստոպոլի` Ռուսաստանին միանալու մասին համաձայնագիրը վավերացնող օրենքը և դրանց` Ռուսաստանի կազմի մեջ մտնելու ու Դաշնության նոր սուբյեկտների ինտեգրման անցումային շրջանի մասին դաշնային սահմանադրական օրենքը: Ուկրաինայի և մի շարք արևմտյան երկրների իշխանությունները հանրաքվեն ապօրինի են համարում:

Photo: Reuters