15 մայիսի 2014 - 00:36 AMT
Կաննը սկսում է իր աշխատանքը․ 67-րդ կինոփառատոնը պաշտոնապես բացվել է

Մայիսի 14-ի երեկոյան Կաննի 67-րդ կինոփառատոնը պաշտոնապես բացվել է։

«Մեծ պատիվ ունենք՝ Կաննի 67-րդ կինոփառատոնը հայտարարելու բացված»,- մի քանի լեզվով կրկնել են դերասանուհի Կյարա Մաստրոյաննին ու մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնը։

Փառատոնը մեկնարկել է ֆրանսիացի ռեժիսոր Օլիվյե Դաանի «Մոնակոյի արքայադուստրը» ֆիլմի ցուցադրությամբ, որտեղ գլխավոր դերը խաղում է Նիկոլ Քիդմանը։ Ֆիլմը պատմում է հոլիվուդյան նախկին դերասանուհի Գրեյս Քելլիի մասին, որն ամուսնանալով արքայազն Ռենյե III հետ, դարձել է Մոնակոյի արքայադուստրը։ Իմիջիայլոց, այն արդեն հասցրել է արհամարվել Գրինալդիի տան կողմից։

Փառատոնը կփակվի մայիսի 25-ին: Այս տարի Արմավենու ոսկե ճյուղի համար կպայքարի 18 ֆիլմ՝ Ատոմ Էգոյանի «Գերին», Անդրեյ Զվյագինցևի «Լևիաֆանը», Նուրի Բիլգե Ջեյլանի «Ձմեռվա քունը», Բերտրան Բոնելոյի «Սեն Լորանը», Օլիվյե Ասայասի «Զիլս Մարիան», Դևիդ Քրոնենբերգի «Աստղային քարտեզը», Ժան Պիեռ և Լյուկ Դարդենների «Երկու օր, մեկ գիշերը», Քսավիե Դոլանի «Մայրիկը», Ժան Լյուկ Գոդարի «Ցտեսություն, բառեր», Միշել Խազանավիչուսի «Որոնումը», Թոմի Լի Ջոնսի «Տեղացին», Նաոմի Կավասեի «Still the Water»-ը, Քեն Լոուչի «Ջիմիի դահլիճը», Մայքլ Լիի «Ուիլյամ Թըրները», Դամիան Շիֆրոնի «Վայրի պատմությունները», Բենեթ Միլլերի «Աղվեսներ որսացողը», Ալիչե Ռորվաքերի Le Meraviglie-ն և Աբդերահման Սիսակոյի «Թռչունների ցավը»: Մասնակիցներից ժյուրին կընտրի հաղթողին:

Կինոփառատոնի դասական ծրագրի շրջանակում (Cannes Classics) կցուցադրվի նաև Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը, որը 1968 թվականին նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայում և վերջերս ամերիկյան Film Foundation-World Cinema Project (Նյու Յորք) հիմնադրամի միջոցներով վերականգնվել Իտալիայի L’immagine Ritrovata լաբորատորիայում: Short film corner արտամրցութային ծրագրում ներառված են հայազգի ևս երկու երիտասարդ ռեժիսորի ֆիլմեր՝ պետերբուրգցի Էվելինա Բարսեղյանի «Մեկը ձեզ սիրում է» ու Կարեն Խոսրովյանի «Կատատոնիա» կարճամետրաժները։

Հայտնի է նաև, որ «Հատուկ ցուցադրություն» ծրագրում ընդգրկվել է վավերագրող Սերգեյ Լոզնիցայի «Մայդանը», որը նկարահանվել է Կիևի Անկախության հրապարակում փետրվարին և մարտին: Կինոստուգատեսը կբացի ֆրանսիացի ռեժիոսոր Օլիվյե Դաանի «Մոնակոյի արքայադուստրը» ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա մայիսի 14-ին Լյումյեր եղբայրների Մեծ թատրոնում պաշտոնական ծրագրի շրջանակում, մրցույթից դուրս: Կաննի 67-րդ կինոփառատոնի ժյուրիի նախագահն է ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Ջեյն Քեմփիոնը Նոր Զելանդիայից: «Սինեֆոնդասիոն» և կարճամետրաժ ֆիլմերի ծրագրի ժյուրին գլխավորում է Աբբաս Քիարոսթամին Իրանից: Ժյուրին պետք է երեք մրցանակ հանձնի «Սինեֆոնդասիոն» ծրագրով , որին մասնակցում են ամբողջ աշխարհի կինոդպրոցների ուսանողները: Այդ մրցանակի հաղթողները հայտնի կդառնան մայիսի 22-ին: Կարճամետրաժ ֆիլմերի համար նախատեսված մրցանակը կհանձնվի մայիսի 24-ին:

«Հատուկ հայացք» ծրագրի ժյուրիի նախագահն է արգենտինացի սցենարիստ, պրոդյուսեր և ռեժիսոր Պաբլո Տրապերոն: Հաղթողը հայտնի կդառնա մայիսի 23-ին՝ փակման արարողության նախօրեին:

Կաննի միջազգային կինոփառատոնի հիմնադիրն է Ֆրանսիայի կրթության ու մշակույթի նախարար Ժան Զեյը, որը երազում էր, որ Ֆրանսիան դառնա համաշխարհային մասշտաբի մշակութային իրադարձության անցկացման վայր և կարողանա մրցել Վենետիկի կինոփառատոնի հետ: Լուի Լումյերի նախագահությամբ Կաննի առաջին կինոփառատոնը նախատեսված էր անցկացնել 1939-ին, բայց հանդիսավոր բացումը տեղի ունեցավ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1945-ին:

Ամենամյա կինոստուգատեսն անցնում էր սեպտեմբերին, իսկ 1952-ից՝ մայիսին: 60-ականներին պաշտոնական մրցութային ծրագրից բացի երկու անկախ բաժին է բացվում՝ Կինոքննադատների միջազգային շաբաթ և Ռեժիսորների երկու շաբաթը: Մինչև 1972-ը հավակնորդ ֆիլմերի ընտրությունը կատարում էին արտադրող երկրները, իսկ այդ տարվանից կինոփառատոնն անկախություն է ստանում և մրցութային ծրագրի մասնակիցներին ինքնուրույն ընտրելու իրավունք:

1978-ին կինոփառատոնի գործադիր տնօրեն է նշանակվում Ժիլ Ժակոբը, որը բացում է «Հատուկ հայացք» ծրագիրն ու լավագույն դեբյուտային ֆիլմի համար սահմանում «Ոսկե կինոխցիկ» մրցանակը: 1998-ին Ժակոբը բացում է նաև «Սինեֆոնդասիոն» ծրագիրը կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրության համար, որը զարգանում է 2000-ին La Résidence նախագծի շնորհիվ․ վերջինս կոչված էր բարենպաստ պայմաններ ստեղծել երիտասարդ ռեժիսորների համար:

2004-ից Կաննի կինոփառատոնում թեմատիկ հետահայաց ցուցադրություններ են կազմակերպվում կինոարվեստի «ոսկե ֆոնդից»: Այնուհետև բացվում է «Դասական Կանն» ծրագիրը, որի շրջանակում ցուցադրվում են վերականգնված հին ֆիլմեր, տարբեր երկրների կինեմատոգրաֆին նվիրված հետահայաց ցուցադրություններ են կազմակերպվում, ցուցադրվում կինոյի մասին փաստագրական ֆիլմեր:

Photo: AFP