12 մայիսի 2006 - 18:50 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը եւ ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարը քննարկել են ղարաբաղյան կարգավորման հարցը
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանն ընդունեց Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Մարկ Պերին դը Բրիշամբոյին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքկանության գերատեսչության ղեկավարը ողջունեց ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի Հայաստան այցելությունը` ՀՀ տարածքում հրթիռային վառելիքի ոչնչացման «Մելանժ» ծրագրի բացման առիթով: ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարը իր հերթին բարձր գնահատեց Հայաստանի ներդրումը համաեվրոպական անվտանգության կազմակերպության գործունեության մեջ: Կողմերը անդրադարձան ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի Հայաստանում իրագործվող ծրագրերին, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին: Զրուցակիցները հանգամանորեն քննարկեցին ԵԱՀԿ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաեւ ԵԱՀԿ կառույցի բարեփոխումների ընթացքը: Բացի այդ, կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը: