12 մայիսի 2006 - 21:27 AMT
Հայաստանում մելանժի վերամշակման ծրագրի իրագործումն օրինակ է մյուս երկրների համար
Մելանժի վերամշակման ձեռնարկության բացումը ԵԱՀԿ-ի եւ Հայաստանի կառավարության համագործակցության հիանալի օրինակ է: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դե Բրիշամբոն Լորիի մարզում մելանժի վերամշակման ձեռնարկության բացման ժամանակ: Նրա խոսքերով, ծրագրի իրագործումը կարող է օրինակ ծառայել հետխորհրդային տարածքի մյուս երկրների համար, որտեղ կան նմանատիպ խնդիրներ: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Գերմանիայի, Կանադայի եւ Ֆինլանդիայի փորձագետները մասնագետներ են նախապատրաստել, որոնք կաշխատեն Հայաստանում: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ասել է, թե ողջ ծրագիրը կազմված էր երեք փուլից: Առաջին փուլը ֆինանսավորել է ԱՄՆ կառավարությունը: Երկրորդ փուլը` նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը կատարել են Գերմանիայի մասնագետները, երրորդ փուլը` ձեռնարկության կառուցումն էր, որին մասնակցել են ԵԱՀԿ անդամ բոլոր նշված երկրները: