
Բահրեյնում միջազգային խորհրդաժողովից հետո Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Դուբայում հանդիպել է Անտիոքի և Համայն Արևելքի պատրիարք Հովհաննես X-ի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Միացյալ Էմիրություններում Կիլիկիո կաթողիկոսության փոխանորդ, վարդապետ Մեսրոբ Սարգսյանը:
Երկու եկեղեցիների առաջնորդները քննարկել են քրիստոնյաների վիճակը Հալեպում ու Քեսաբում, ինչպես նաև անդրադարձել են Լիբանանում կայանալիք նախագահական ընտրություններին: Ըստ եկեղեցու բարձրաստիճան սպասավորների, Մերձավոր Արևելքի ու Պարսից ծոցի բոլոր քրիստոնյաները պետք է համախմբված գործեն: Կարևորվել է եկեղեցու կառուցումն Աբու Դաբիում:
Արամ Առաջինը կարևորել է քրիստոնյաների ներկայությունը և քրիստոնյաների գոյատևումը Մերձավոր Արևելքում ամբողջ քրիստոնյա աշխարհի համար քրիստոնեության օրրանում միջկրոնական հարաբերությունների ֆոնի վրա: Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիքներ (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթակիայում, իսկ մի քանի մարդու ճակատագիրն անհայտ է մնում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Զոհեր Քեսաբի հայերի թվում չկան:
Քրիստոնյաների քանակը արաբական երկրներում մինչ «արաբական գարունը» հասնում էր 15 մլն: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը հայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ մոտ 20 հազար հայ հեռացել է Սիրիայից, հիմնականում մեկնելով Հայաստան, Լիբանան ու ԱՄՆ: 3 տարում Սիրիայում մոտ 100 հայ է զոհվել:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասնավոր նվիրապետական աթոռ է: Հիմնադրվել է Կիլիկիայի Սիս մայրաքաղաքում` Հայոց կաթողիկոսության նախկին նստավայրում, երբ 1441թ. Էջմիածնի Ազգային Եկեղեցական ժողովի որոշմամբ հայրապետական աթոռը վերահաստատվեց Սուրբ Էջմիածնում: Կաթողիկոսանիստը Անթիլիասի (Լիբանան) Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճան է (1941-էց): Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Քեշիշյանը (1995-ից): Կիլիկիո կաթողիկոսությունը ղեկավարվում է իր կանոնադրությամբ, որը մշակվել է 1860թ. Ազգային սահմանադրության սկզբունքներով:
Կիլիկիայի հայաթափության հետևանքով 1921 թվականի դեկտեմբերից Սիսը դադարեց Կիլիկիո Կաթողիկոսության Աթոռանիստը լինելուց, Սահակ Բ Կաթողիկոսը տեղահանվեց: Սիրիայում և Լիբանանում դեգերելուց հետո 1930 թվականին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը հաստատվեց Անթիլիասում (Լիբանան):
Ներկայումս Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության իշխանության ներքո են Լիբանանի (Բեյրութ), Բերիո (Հալեպ), Հյուսիսային Ամերիկայի Արևելյան նահանգների և Կանադայի (Նյու Յորք, ընդգրկում է նաև Վենեսուելայի հոգևոր հովվությունը), Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան (Լոս Անջելես) և այլ թեմերը:
1962 թվականին Կիլիկիո Կաթողիկոսությունը ներգրավվել է Էկումենիկ շարժման մեջ` դառնալով Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի անդամ, դիտորդներ ուղարկել Վատիկանի II Ժողով: 1991 թվականին Կամբեռայի համաժողովում Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչ Արամ արքեպիսկոպոս Քեշիշյանն ընտրվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կենտրոնական և գործադիր վարչությունների ատենապետ (վերընտրվել է 1998 թ.): Կիլիկիո Կաթողիկոսությունը մեծ դեր է խաղացել 1974 թվականին Միջին Արևելքի Եկեղեցիների խորհրդի հիմնադրման գործընթացում: