22 մայիսի 2014 - 14:15 AMT
Աշնանը Կանադայում Հայոց ցեղասպանությանը նվիրված սիմպոզիում կանցնի

Հոկտեմբերի 1-3-ը Կանադայի Նյու Բրունսվիքի Մոնկտոնի համալսարանում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով կանցնի: «Հայոց ցեղասպանության ու զանգվածային հանցագործությունների ներկայացում» թեմայով գիտաժողովի նպատակն է ամփոփել Ցեղասպանության և մարդկայնության դեմ կատարված XIX-XX դարերի բոլոր զանգվածային ոճրագործությունների վերաբերյալ գիտական հետազոտությունները: Թեև գիտաժողովը հիմնականում նվիրված է Հայոց ցեղասպանությանը, ելույթներում կարող են արծարծվել կապերն ու համեմատական ասպեկտները այլ ցեղասպանությունների հետ:

Գիտաժողովում քննարկվելու են հայերի ցեղասպանության ու մյուս զանգվածային հանցագործությունների մասին հավաքական հիշողության փոխանցման խնդիրները, պատմական, մշակութային ու սոցիալ-քաղաքական պայմանները, հուշարձանների տեղադրումը:

Կքննարկվի նաև այն ժամանակ հասանելի վկաների հայեցակարգային իմաստաբանության հարցը, Հայոց ցեղասպանության ու զանգվածային հանցագործություններն անվանելու ու նկարագրելու համար, բռնության տարբեր ձևերի ճիշտ ընկալման արդիականությունը և հետապնդումները՝ կապված Հայոց ցեղասպանության ու զանգվածային հանցագործությունների հետ:

Գիտնականները քննարկելու են նաև Առաջին համաշխարհային պատերազմի կապը Հայոց ցեղասպանության հետ, հաշվի առնելով Օսմանյան կայսրության դերը, միջազգային հումանիտար օգնությունը ճամբարների, առաքելությունների ու բարեգործական կազմակերպությունների միջոցով, գրում է Fabula-ն: