29 մայիսի 2014 - 13:47 AMT
ԵԽԽՎ իրավական հանձնաժողովն ընդունել է Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ բանաձևը

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հանձնաժողովն ընդունել է Ռամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ նախօրեին քննարկված բանաձևը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը։ ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը դատապարտել է Ռամիլ Սաֆարովի գործով Ադրբեջանի կողմից դատապարտվածների հանձնման վերաբերյալ Եվրոպական կոնվենցիայի 12-րդ հոդվածի կիրառումը: Հանձնաժողովն այն որակել է «միջազգային հարաբերություններում և օրենքի գերակայության հարցերում բարի մտադրությունների սկզբունքի խախտում»:

Կոնվենցիան պահանջում է դատապարտված օտարերկրացիներին հանձնել իրենց հայրենիքին: Մարդասիրական նպատակը միտված է դատապարտյալների վերաինտեգրելուն ու վերականգնման հեռանկարներին:

«Ադրբեջանցիները մինչև վերջ էլ չկարողացան հասկանալ և ընդունել, որ աղաղակող փաստերի և իրողության դեմ իրենց ճամարտակությունները դատապարտված էին ձախողման և անգամ այս փուլում միևնույն է փորձում էին ամեն ինչ անել բանաձևի ընդունումը տապալելու համար` ներկայացնելով ծիծաղելի հակափաստարկներ»,- ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր Արփինե Հովհաննիսյանը:

ԵԽԽՎ կոմիտեի բանաձևի նախագծում, որը կազմվել է Մեծ Բրիտանիան ներկայացնող պատվիրակ Քրիստոֆեր Չոփի զեկույցի հիման վրա, մտահոգություն է հայտնվում, որ կոնվենցիան կիրառվել է Ադրբեջանին հանձնելուց հետո Ռամիլ Սաֆարովի անհապաղ ազատումն արդարացնելու համար:

Հայտարարության մեջ նշվում է, որ կոնվենցիան «նախատեսված չէ դատապարտյալներին հայրենիքում ազատ արձակելու համար»: Բանաձևի նախագիծը ներկայացվելու է ԵԽԽՎ քննարկմանը 2014-ի ընթացքում:

2004-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Սպաները ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացներին: Հունգարիայում Ռամիլ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ բանտարկության, բայց 2012-ի օգոստոսի 31-ին այդ երկիրն Ադրբեջանին էր արտահանձնել ոճրագործին, որտեղ Սաֆարովին ներում և հերոսի կոչում էին շնորհել:

Photo: AP