ԱՄՆ Լուիզիանա նահանգի Սենատը բանաձև է ընդունել, որով դատապարտվում են հայերի ջարդերն Ադրբեջանում և կոչ է արվում ԱՄՆ կառավարությանը ճնշում գործադրել Բաքվի վրա, որպեսզի նա պատասխանատվության կանչի մեղավորներին, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի Արևմտյան ափի հանձնախումբը (ANCA-ER):
Բանաձևը ներկայացրել է սենատոր Էդվին Մյուրրեյը, որն անցյալ տարի եղավ ԼՂՀ անկախության ճանաչման նախաձեռնողը և կոչ արեց ԱՄՆ-ին սատարել այդ զարգացող ժողովրդավարական պետության ինքնորոշմանն ու անկախությանը:
166 բանաձևում ասվում է, որ Լուիզիանա նահանգի Սենատը «ցավակցում է և աջակցություն հայտնում զանգվածային սպանությունների ու վայրագությունների զոհերի ընտանիքներին, որոնք կատարվել են Ադրբեջանում հայ ժողովրդի դեմ: Սենատը կոչ է անում ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության վրա, որպեսզի վերջինս հրաժարվի պատմական փաստերը խեղաթյուրելուց»:
Ամերիկայի Հայկական խորհրդի (ACA) նախագահ Վազգեն Ղալթախչյանը նշել է, որ Լուիզիանայի Սենատն իր ձայնը բարձրացրեց հանուն ճշմարտության ու արդարության՝ դատապարտելով Ադրբեջանի հարձակումներն Արցախի ու Բաքվի հայ բնակչության վրա: «Նմանատիպ բանաձևերը հատկապես կարևոր են այն պայմաններում, երբ Ալիևի ռեժիմը կանոնավոր կերպով խախտում է հրադադարի փխրուն ռեժիմը Լեռնային Ղարաբաղում»,-ասել է Ղալթախչյանը: Իր հերթին ANCA-ER նախագահ Սթիվ Մեսրոբյանը ողջունել է բանաձևի ընդունումն ու հայտարարել. «Լուիզիանայի ու ամբողջ Ամերիկայի հայերը երախտապարտ են սենատոր Մյուրեյին ու նահանգի Սենատին իրենց դիրքորոշման համար»:
ԱՄՆ-ն ապաստան տվեց տասնյակ հազարավոր հայերի, որոնք փախստականներ դարձան Սումգայիթում (1988 թ.), Կիրովաբադում (1988 թ.) և Բաքվում (1990 թ.) հայկական ջարդերի, ինչպես նաև Ադրբեջանի այլ բնակավայրերում էթնիկ զտումների արդյունքում: Այդ ջարդերը հող նախապատրաստեցին Ադրբեջանի կողմից երկու տասնյակ տարի տևող ագրեսիայի համար, որի ընթացքում նա պարտվեց Լեռնային Ղարաբաղում, իսկ հիմա, օգտագործելով նավթային հարստությունը, սպառազինության հսկայական պաշարներ է կուտակում այդ տարածքում հազարամյակներ ի վեր ապրող քրիստոնյա ժողովրդի դեմ օգտագործելու համար:
2013 թ. մայիսի 13-ին ԱՄՆ Լուիզիանայի նահանգի Սենատը ճանաչեց ԼՂՀ անկախությունը: Սենատորները միաձայն քվեարկեցին թիվ 151 բանաձևի օգտին, որը ներկայացրել է սենատոր Մյուրեյը: Բանաձևում ասվում է, որ ԼՂՀ-ն զարգանում է որպես ազատ ու ժողովրդավարական պետություն:
Սենատոր Մյուրեյը նաև պատմական տեղեկանք ներկայացրեց Արցախի մասին, որտեղ ասվում է, որ 1921թ. Լեռնային Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին: 1988թ. փետրվարի 20-ին ժողովուրդը անկախության համար պայքար ծավալեց, որն ավարտվեց ինքնիշխան Արցախի հռչակմամբ:
Լուիզիանայի նահանգի Սենատը որոշեց ներկայացնել բանաձևն ԱՄՆ Կոնգրեսին և Սպիտակ տանը: «Մենք կոչ ենք անում նախագահին և Կոնգրեսին ճանաչել ԼՂՀ անկախությունն ու համակողմանի աջակցություն ցուցաբերել նրա զարգացմանն ու անվտանգության ապահովմանը»,-ասվում է փաստաթղթում: