Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրումը զերծ չմնաց փոքր սկանդալային շտրիխներից, և, ինչպես միշտ, աչքի ընկավ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Պարզվում է, Իլհամ Ալիևը նրան նամակ է գրել, թե «Հայաստանը կարող է միանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) այն սահմանների շրջանակում, որով անդամակցել է ԱՀԿ-ին»: Այս անգամ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խելամտորեն լռեց, թեև նախկինում նա էլ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու համատեքստում:
Մայիսի 29-ին Աստանայի գագաթաժողովում Նազարբաևը հայտարարել է. «Մենք նամակ ենք ստացել Ադրբեջանի նախագահից, որ ԱՀԿ-ին Հայաստանն անդամակցել է վերապահումով, որ պայմանագրի դրույթները տարածվում են Հայաստանի վրա նրա միջազգայնորեն, ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների շրջանակում: Սա քննարկման համար»: Թե ինչ քննարկման մասին է խոսքը, կարելի է միայն գուշակել: Հիշեցնենք, որ Հայաստանն ԱՀԿ-ին անդամակցել է 2003 թվականին՝ դառնալով այդ կազմակերպության 145-րդ անդամը:
Նուրսուլթան Նազարբաևին հասկանալ կարելի է՝ դա կոչվում է իսլամական համերաշխություն Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակում, թեև ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Ղազախստանի նախագահին դժվար է կասկածել իսլամի, և կամ այլ կրոնի, արժեքներին հավատարիմ լինելու մեջ: Ընդհանուր էներգետիկ շահեր՝ այ սա կա, բայց ոչ երբեք ծագման կամ կրոնական ընդհանրություն:
Իսկ եթե հաշվի առնենք, որ Ալիևը համառորեն պնդում է «Հայաստանն ամբողջությամբ մեկուսացնելու» մտադրությունների մասին, ապա այս նամակի հայտնվելը միանգամայն բացատրելի է:
Նուրսուլթան Նազարբաևի դերն այս ոչ այնքան պարկեշտ պատմության մեջ նախանձելի չէ. ստացվում է, որ ամբողջ աշխարհը պարտական է Իլհամ Ալիևին, այն դեպքում, երբ նա վերջնագրեր է ներկայացնում և միջամտում է գործերին, որոնք իրեն չեն վերաբերվում: Դա ոչ միայն Հայաստանի անդամակցությունն է ԵՏՄ-ին, դա նաև միջամտությունն է ԱՄՆ նահանգների օրենսդիր մարմինների գործերին, եվրոպական քաղաքների ու կազմակերպությունների որոշումներին: Մի խոսքով, մոլորակի որ կետում էլ հնչի Հայաստան բառը, Ադրբեջանն անմիջապես իր պարտքն է համարում «արձագանքել»:
Պետք է ասել, որ երբեմն նման դիրքորոշումն իր պտուղները տալիս է՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Կարս երկաթուղին: Բայց այնտեղ Ադրբեջանին սատարեցին Թուրքիան ու Վրաստանը: Ղազախստանը դա չի անի, ինչպես և Ալեքսանդր Լուկաշենկոն, որը մշտապես այցելում է Երևան, բայց հարկ է համարում նաև բարձրաձայնել Իլհամ Ալիևի կարծիքը:
Աստված նրանց հետ: Ամեն դեպքում ԵՏՄ պայմանագրին Հայաստանի միանալու մասին որոշումն ընդունելու է Վլադիմիր Պուտինը երկու նախագահների հետ և հազիվ թե Իլհամ Ալիևի խոսքն այստեղ ինչ-որ դեր խաղա: Հավանաբար, և Ալիևը, և Նազարբաևը հիանալի հասկանում են, որ իրենց դեմարշը կարող է միայն սին հայտարարություն լինել, բայց իրենց իսկ տրամաբանությամբ, փորձը փորձանք չէ՝ գո՞ւցե ինչ-որ բան ստացվի: Բանն այն է, որ ոչինչ չի ստացվի՝ իրենք չեն որոշում կայացնողները և դա, հավանաբար, լավ է:
Հարկ է նշել, որ «ՄԱԿ կողմից ճանաչված միջազգային սահմանները», ոչ այլ ինչ են, քան ֆիկցիա: Նույն ՄԱԿ-ի թույլտվությամբ մասնատվեց Հարավսլավիան, տրոհվեց Լիբիան: Այնպես որ, հղումները «տարածքային ամբողջականության» վրա գնալով ավելի քիչ են իրենց արդարացնում: