Սիրիայում քաղաքացիական պատերազմի պայմաններում, որն արդեն իսկ 160 հազար մարդու կյանք է խլել, սկսվել է նախագահի ընտրությունը, հայտնում է Reuters գործակալությունը:
Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 07։00-ին, մի մասը Կառավարության հսկողության տակ է:
Սիրիայի պատմության մեջ առաջին անգամ նախագահի պաշտոնին է հավակնում 3 թեկնածու՝ գործող նախագահ Բաշար Ասադը, Դամասկոսի համալսարանի պրոֆեսոր Հասան ան Նուրին և խորհրդարանի պատգամավոր Մահեր Հաջարը:
Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա քվեների բացարձակ մեծամասնությունը՝ 50 տոկոս+ 1 ձայն: Եթե թեկնածուներից ոչ մեկը չհաղթի առաջին փուլում, կնշանակվի երկրորդ փուլը, որին կմասնակցեն առավելագույն ձայները հավաքած երկու թեկնածուները:
Մարտին Սիրիայի խորհրդարանը հաստատեց նոր օրենքն ընտրությունների մասին, որով առաջին անգամ երկրի պատմության մեջ թույլատրվում է մասնակցել ընտրություններին մի քանի թեկնածուների: Մինչ այդ պետության ղեկավարը ընտրվել է հետևյալ կերպ. թեկնածուն առաջադրվել է իշխող կուսակցությունից, հետո նրան հաստատել է խորհրդարանը, իսկ հետո անցկացվում էր հանրաքվե հօգուտ այդ թեկնածուի: Ասադը վերընտրվեց երկրի նախագահի պաշտոնում 2007 թ. մայիսի 27-ին ազգային հանրաքվեի արդյունքում՝ ստանալով ընտրողների 97,62% աջակցությունը:
Մոտ 200 հազար սիրիացիներ արդեն քվեարկել են արտահերթ ընտրություններում, որ սկսվեցին մայիսի 28-ին արտերկրում Սիրիայի 43 դիվանագիտական ներկայացուցչություններում: Ընդհանուր մասնակցությունն ընտրություններին կազմեց 95 տոկոս գրանցված ընտրողներից: Լիբանանում քվեարկությունը երկու օր տևեց: Ըստ Սիրիայի վարչապետ Վաիլ Ալ Հալկի, նախագահական ընտրությունների ակնկալվող հաջողությունը Սիրիայի բանակի հաղթանականերին զուգահեռ Սիրիայի համար զարգացման նոր փուլ կբացեն՝ համընդհանուր վերականգնման փուլ, հայտնում է SANA գործակալությունը:
Իր հերթին տեղեկատվության նախարար Օմրան ազ Զոուբին սիրիական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ նախագահական ընտրությունները իրական հնարավորություն են սիրիացիների համար հայտնելու իրենց կամքն ու քվեարկելու սեփական թեկնածուի օգտին: Ըստ նրա, սիրիացիների մեծ մասը պատրաստ է մասնակցել քվեարկությանը:
Ազ Զոուբին ենթադրել է, որ ընտրությունների օրը մասնակցությունը բարձր կլինի բոլոր գավառներում: Նա հավելել է, որ Սիրիա են ժամանել դիտորդներ շատ երկրներից, բացի այդ, ընտրությունները կլսուաբանեն մոտ 200 ԶԼՄ-ներ: Նախարարը ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ առաջին անգամ ընտրությունները երկրում այլընտրանքային են: Նա պարզաբանել է, որ ըստ նոր Սահմանադրության, ընտրական գործընթացը վերահսկում է դատական իշխանությունը: Այդ նպատակով ստեղծվել է Բարձրագուն դատական մարմին:
Ազ Զոուբին հայտարարել է, որ ընտրությունների անցկացումը նշանակում է, որ սիրիացի ժողովուրդը կտրականապես դեմ է օտարերկրյա միջամտությանը երկրի գործերին: Դա ուղերձ է աշխարհին՝ ոչ՝ ահաբեկչությանը, ոչ՝ արյունահեղությանը, ոչ՝ ավերածություններին:
Մի շարք երկրներում իրենց տարածքում քվեարկությունը կազմակերպելու արգելքի վերաբերյալ նախարարն ասել է, որ նման որոշումը խախտում է դիվանագիտական հարաբերությունների նորմերը, մասնավորապես, Դիվանագիտական ու հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան:
Սիրիայում արդեն 3 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 160 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: