16 մայիսի 2006 - 18:51 AMT
Հ. Քրոնըր. Անկարան ի վերջո ստիպված կլինի ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Երեւանում գտնվող Միջազգային եվրոպական շարժման (ՄԵՇ) գլխավոր քարտուղար Հենրիկ Հ. Քրոնըրը մայիսի 16-ին այցելեց Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Պարոն Քրոնըրին ուղեկցում էին Հայաստանում Միջազգային եվրոպական շարժման ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը եւ ՀՅ Դաշնակցության Բյուրոյի Հայ Դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում արված գրառման մեջ Հենրիկ Հ. Քրոնըրը գրել է. «Հուսանք, որ նման ցեղասպանություն այլեւս տեղի չի ունենա Եվրոպայում եւ աշխարհում: Իսկ Եվրամիության արժեքները մեր ապագա միավորման երաշխիքներն են»:

Լրագրողներին տված մեկնաբանության մեջ նա ասել է, թե ամոթ է, որ այս ողբերգությունն առ այսօր ճանաչված չէ: «Եվրամիությունը ստեղծվել է ապագայում նման ողբերգություններից խուսափելու համար: Կարծում եմ` Թուրքիան երբեք չի դառնա ԵՄ անդամ, քանի դեռ չի ընդունել անցյալում իր կատարածը: Գործընթացը նոր է սկսվել եւ երկար տարիներ է տեւելու: Անկարան ի վերջո ստիպված կլինի տեղի տալ»,- ասել է Քրոնըրը:

Իսկ ՀՅ Դաշնակցության Բյուրոյի Հայ Դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը նշեց, որ ինչ-որ չափով կարելի է շնորհակալություն հայտնել Թուրքիայի իշխանություններին նրանց կողմից վարվող նման քաղաքականության համար, որը պատճառ է դառնում, որ ավելի շատ խոսվի Հայոց ցեղասպանության մասին եւ խոսվի Թուրքիայի կեցվածքը քննադատելու առումով, հայտնում է «Երկիր» թերթը: