17 մայիսի 2006 - 17:27 AMT
Հայաստանի քաղաքացու սպանության վերաբերյալ գործը հանձնել են Մոսկվայի տարածքային դատարանին
Մոսկվայի տրանսպորտային դատախազությունը վերջացրել է քաղաքամերձ էլեկտրագնացքում Հայաստանի քաղաքացու սպանության գործի հետաքննությունը: Դատախազության ներկայացուցչի խոսքերի համաձայն, 2005 թվականի օգոստոսի 10-ին քաղաքամերձ էլեկտրագնացքում Հայաստանի քաղաքացի Սամվել Թադեւոսյանի սպանության գործը հանձնվել է Մոսկվայի տարածքային դատարան քննման համար:

Որպես մեղադրյալներ ներկայացված են Օդինցովի շրջանի յոթ բնակիչ 17-26 տարեկան հասակում, որոնց մեծ մասը հանդիսանում է Մոսկվայի միջին եւ բարձրագույն կրթական հաստատությունների ուսանող: Հետաքննությունը պարզել է, որ բոլոր ձերբակալվածները ծայրահեղական ազգայնամոլական գաղափարների տեր անձինք են: Հանցագործները Թադեւոսյանից գողացել են բջջային հեռախոսը, փաստաթղթերը եւ գումարը, որից հետո կոտրված շշի բեկորով մի քանի հարված են հասցրել գլխին եւ վզին, ինչից տուժողը տեղում մահացել է: Գործողությունը հանցագործները տեսագրել են թվային ֆոտոխցիկով` ծրագրելով հետագայում ծախել: Նույն գիշերը էլեկտրական գնացքներում հանցագործների զոհ են դարձել եւս երկու հոգի, այդ թվում միլիցիայի փոխգնդապետ, որոնցից հափշտակել էին գումար, փաստաթղթեր եւ թանկարժեք իրեր, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»