19 մայիսի 2006 - 14:27 AMT
Ստրասբուրգում տեղի ունեցավ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը
Մայիսի 18-ին Ստրասբուրգում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ Լեռնայիին Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Սթիվեն Մանի, Յուրի Մերզլյակովի եւ Բեռնար Ֆասիեի ներկայությամբ: Հանդիպումից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները բանակցությունները շարունակեցին համանախագահների հետ առանձին ձեւաչափով: Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը միտված էր նախապատրաստելու մայիսի վերջին նախատեսվող Մինսկի խմբի համանախագահ երկրներ ԱՄՆ, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչների մակարդակով այցը տարածաշրջան: Հանդիպմանը քննարկվեցին բանակցային սեղանի վրա եղած կարգավորման սկզբունքներն ու մոտեցումները: Հայկական կողմը դրական է գնահատում հանդիպումը հակառակ նրան, որ դեռեւս կան չլուծված եւ չհամաձայնեցված հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: