19 մայիսի 2006 - 19:23 AMT
Իրան-ամերիկյան հարաբերությունները կարող են մեծ ազդեցություն թողնել Հայաստանի վրա
Իրան-ամերիկյան հարաբերությունները կարող են մեծ ազդեցություն թողնել Հայաստանի վրա: Այդ մասին Երեւանում հայտարարել է հայտնի ռուս քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը: Նրա խոսքերով, Իրանով է անցնում Հայաստանին արտաքին աշխարհի հետ կապող միակ կայուն ճանապարհը: «Ճիշտ է, հիմնական հաղորդակցության ուղիները անցնում են Վրաստանով, սակայն մենք գիտենք` որքան անվստահելի են մեր հարեւանները»,- ընդգծել է Միհրանյանը:
Ռուս քաղաքագետը կարծում է, որ Ամերիկայի հնարավոր ռմբակոծության դեպքում կարող է վնասվել Իրան-Հայաստան գազամուղը: «Իրանի հակահարվածը կապակայունացնի ամբողջ Մերձավոր Արեւելքը: Ընդ որում, հաշվի առնելով ռուս-վրացական հարաբերությունների լարվածությունը, ձեւավորվող Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա առանցքը, ինչպես նաեւ Թուրքիայի հետ որեւէ հարաբերություրնների բացակայությունը, Հայաստանին իզոլացում է սպառնում եւ ռազմավարության առումով պետք է մտածել այդպիսի մեկուսացում թույլ չտալու քաղաքականության մասին»,- ասել է նա, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: