ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կոմիտեն ընդունել է HR 4347 բանաձևը, որով կոչ է արվում Թուրքիային վերադարձնել քրիստոնյաներից գողացված հազարավոր սրբությունները, եկեղեցիներն ու անհապաղ բացել Հալկի հոգևոր ճեմարանը: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, Կոմիտեի նախագահ հանրապետական Էդ Ռոյսը, կոմիտեի անդամ դեմոկրատ Էլիոտ Էնգելը գլխավորում էին աշխատանքը, որը լայն արձագանք ու աջակցություն ստացավ երկու կուսակցություններում, չնայած, որ թուրքական լոբբին մինչև վերջին պահը ջանում էր թույլ չտալ քվեարկությունը:
«Ամերիկահայերը, ինչպես նաև ամերիկաբնակ հույներն ու ասորիները, նրանց ժառանգները, որոնք ցեղասպանության ենթարկվեցին Օսմանյան Թուրքիայում 1915-1923 թթ. և որոնց եկեղեցիները շարունակում են գերված մնալ թուրքական կառավարության կողմից, ողջունում են կոմիտեի որոշումը: Բանաձևի ընդունումը հզոր ազդակ է Անկարային, որ նա պետք է դադարեցնի իր հակաքրիստոնեական վարվելակերպն ու հաշտեցում սկսի՝ ճանաչելով իր պարտավորությունները հայերի, սիրիացիների, կիպրոսցիների, պոնտոսցիների և մյուս զոհերի առջև: Թուրքիան նախկինի պես անպատիժ է մնում ցեղասպանության համար»,-ասել է ANCA նախագահ Քեն Խաչիկյանը:
«Հունիսի 24-ին մենք կոչ ենք անում բոլորին հեռաձայնել կամ գրառում կատարել Facebook և Twitter-ում, հասցեագրված ձեր կոնգրեսականին և կոչ անել նրան քվեարկել HR 4347 բանաձևի օգտին»,-հորդորել էր ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: ANCA նախաձեռնությանը միացան Հունական ծագումով ամերիկացիների խորհուրդը (HALC), Կրթության հելլենական ասոցիացիան (AHEPA) և մյուս հունական լոբբիստական կազմակերպությունները:
Բանաձևը Կոնգրեսի օրակարգ են ներկայացրել Էդ Ռոյսն ու Էլիոտ Էնգելը: Այն պահանջում է Պետքարտուղարությունից ամեն տարի հաշվետու լինել Կոնգրեսի առջև այն մասին, թե արդյոք Թուրքիան պատրաստվում է վերադարձնել առգրավված գույքն ու ունեցվածքը ոչ միայն բուն երկրում, այլ նաև Կիպրոսի գրավյալ հատվածում: HR 4347 բանաձևը հենվում է նախկինում ընդունված H.Res.306 բանաձևի վրա՝ քրիստոնեական տաճարների պարտադիր վերադարձի մասին: Այդ բանաձևը հիմք հանդիսացավ HR4347 բանաձևի համար, որը կոչ է անում Թուրքիայի կառավարությանը կատարել միջազգային պարտավորությունները՝ վերադարձնել քրիստոնյաների գույքն ու հարգել քրիստոնյաների սեփական հավատքը դավանելու իրավունքը:
2011 թ. դեկտեմբերի 13-ին ԱՄՆ Ներկայացուցիչների կոմիտեում տեղի ունեցավ կրոնի ազատության հարցերի, մասնավորապես` «Թուրքիայի ազգային փոքրամասնություններին կրոնական ունեցվածքի վերադարձման մասին» բանաձևի վերաբերյալ քվեարկություն:
2011թ. հուլիսի 20-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 43 «կողմ» և 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ քվեարկեց քրիստոնեական եկեղեցիների վերադարձման օգտին (H.Res.306): Այս տարվա մարտին նմանատիպ բանաձև ընդունվեց հունական լոբբիի ճնշման տակ (H.Res.308):