30 հունիսի 2014 - 10:57 AMT
Թուրք նախարարն ԱՄՆ-ին ու Ռուսաստանին մեղադրել է Ղարաբաղի հարցում անգործության մեջ

Մինչև օրս ԵԱՀԿ Մինսկի խումբը, միջազգային միջնորդներն անկեղծ ջանքեր չեն գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: ԵԱՀԿ ՄԽ անդամներ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, ցանկության դեպքում, վաղուց արդեն միասին կգտնեին ղարաբաղյան խնդրի լուծումը: Այդ մասին Բաքվում հայտարարել է Թուրքիայի Եվրամիության գծով նախարար Մևլուդ Չավուշօղլուն, հայտնում է ԱՊԱ ադրբեջանական գործակալությունը: Չավուշօղլուն նշել է, որ ԵԱՀԿ ԽՎ քննարկման առարկան է ԵԱՀԿ դերը ուկրաինական հակամարտության հանգուցալուծման գործում: «Մի կողմից պետք է կանխել դիմակայությունը, վերացնելով առկա հակամարտությունները: Մյուս կողմից, եթե մենք չկարգավորենք սառեցված հակամարտությունները, խնդիրներ կառաջանան միջազգային իրավունքի, մարդու իրավունքի, տարածքային ամբողջականության ու երկրների անկախության տեսակետից: Այսօր բախումներն Ուկրաինայում նախկինում առաջացած հակամարտությունների չլուծված լինելու հետևանքն են: Վրաստանի հարավօսական ու աբխազական տարածաշրջանում և Մոլդովայի մերձդնեստրյան շրջանում առկա հակամարտություններին ավելացավ Ղրիմի հարցը: Սառեցված հակամարտությունները սպառնալիք են կայունության համար եվրոպական մասշտաբով: Այդ խնդիրների լուծման համար դրանց կարգավորմանը պետք է մոտենալ անաչառ ու անկեղծ»,-ասել է նա:

Բաքվում այսօր անցնում է ԵԱՀԿ ԽՎ 23-րդ նստաշրջանը, որի աշխատանքին մասնակցում է նաև ՀՀ ԱԺ պատվիրակությունն Արտաշես Գեղամյանի գլխավորությամբ: