
Ֆրանսիայի արտգործնախարարությունն անդրադարձել է Նախիջևանի հետ ՀՀ սահմանին ադրբեջանցի դիպուկահարի կողմից երկու հայ զինվորի սպանությանը: Nouvelles d`Armenie պարբերականի հարցին ի պատասխան Ֆրանսիայի ԱԳՆ-ն կողմերին կոչ է արել հաստատել վստահության մթնոլորտ և ակտիվ ջանքեր գործադրել այդ նպատակով:
«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` Ֆրանսիան մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին:
Այն կոչ է անում կողմերին ձեռնպահ մնալ հակասական հայտարարություններից և ակտիվ ջանքեր գործադրել վստահության մթնոլորտ ձևավորելու համար:
Մայիսի 11-13-ը Հարավային Կովկաս կատարած իր այցի շրջանակում Ֆրանսիայի ղեկավարը նախագահներ Ալիևի և Սարգսյանի հետ քննարկել է խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու ուղիները»,– նշված է ԱԳՆ հայտարարությունում:
Ստացված օպերատիվ տեղեկության համաձայն` հունիսի 5-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում են ստացել պայմանագրային զինծառայողներ Անդրանիկ Սամվելի Եղոյանը (ծնվ. 1988թ., Արարատի զ/կ) և Բորիս Բենիկի Գասպարյանը (ծնվ. 1992թ., Արարատի զ/կ), հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական վարչությունից:
Միջադեպի մանրամասները ճշտվում են: ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում` իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ:
Ավելի ուշ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ միջադեպի մասին նախարարությունը կողմից տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, վերջինս հրավիրվել է ՊՆ։
«Հակառակորդի ձեռնարկած այս սադրանքը շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի վերջին օրերի գործողությունների տրամաբանական շարունակությունն է, ինչը կրկին անգամ վկայում է, որ հարևան պետության իշխանություններն արհամարհում են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն, չեն ցանկանում խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հիմնախնդիրը, պարբերաբար դիմում են սադրիչ գործողությունների` արհեստականորեն ապակայունացնելով իրավիճակը սահմանագոտում և վտանգելով բանակցային գործընթացը: Սրանով Ադրբեջանի իշխանությունները ցուցադրում են իրենց արհամարհանքը և ԵԱՀԿ ՄԽ գործունեության, և միջնորդ պետությունների ղեկավարների գործադրած ջանքերի, և միջազգային հանրության նկատմամբ»,- նշվում է ՊՆ հաղորդագրության մեջ: