4 հուլիսի 2014 - 15:13 AMT
Ստամբուլի դատարանը մերժել է. «Սանասարյան տունը» հայոց պատրիարքարանին չեն վերադարձնի

Դատարանն ամբողջովին մերժել է և չի բավարարել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի` «Սանասարյան տուն» անվամբ շինության վերադարձման համար ներկայացրած հայցը: Ստամբուլի առաջին ատյանի դատարանում 2011 թվականից շարունակվող դատավարությունն ավարտվել է պատրիարքարանի համար անցանկալի ելքով: Պատրիարքարանի շահերը ներկայացնող փաստաբան Ալի Էլբեյօղլուն «Հյուրրիյեթ»-ի թղթակցին հայտնել է, որ իրենք շարունակելու են պայքարը

Էլբեյօղլուն դժգոհել է, որ դատարանը, անտեսելով բոլոր հիմնավոր փաստարկները, անհասկանալիորեն մերժման վճիռ է կայացրել: Նա տեղեկացրել է նաև, որ իրենք օգտվելու են բողոքարկման իրավունքից և հարկ եղած դեպքում դատը տեղափոխելու են մինչև անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)` փորձելով մինչև վերջ հետամուտ լինել արդարադատությանը:

«Սանասարյան տունը» կառուցվել է 1895 թվականին Մկրտիչ աղա Սանասարյանի պատվերով և ճարտարապետ Հովսեփ Անձնավուրի կողմից: Պատմական շինությունը հայոց պատրիարքարանից խլվել է 1935 թվականին և շահագործվել` որպես Ստամբուլի անվտանգության վարչության շենք: Հետագայում այնտեղ տեղակայվել է տնտեսական դատարանը, իսկ այժմ շենքը դատարկ է:

Հիմնադրամների գլխավոր վարչությունը կադաստրում «Սանասարյան տուն» անունով հայտնի անշարժ գույքն ապօրինի կերպով գրանցել է որպես սեփականություն: «Սանասարյան տունն» այժմ գտնվում է հիմնադրամների գլխավոր վարչության ենթակայության տակ: Վարչությունը 2013-ի հուլիսի 18-ին շենքը վարձակալության հանձնելու նպատակով հանել է աճուրդի:

Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն խորհրդարանում գրավոր հարցում է արել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Ամեր Չելիքին, թե արդյոք իրականությանը համապատասխանում են Սանասարյանների տունը հյուրանոց դարձնելու մասին լուրերը, գրում է Panorama.am-ը: «Մամուլում տեղեկություններ կան, որ հայերին պատկանող, բայց Հիմնադրամների գլխավոր վարչության ձեռքին գտնվող «Սանասարյան տունը» 20 տարի ժամկետով վարձակալելու ցանկություն է ներկայացվել: Ինչպե՞ս եք գնահատում «Սանասարյան տունը» վարձակալության տալու համար հայտարարված աճուրդը, արդյոք դրա հետևում ձեր որոշումը կամ հրահանգը կա: Պատմական նշանակության շինությունը առևտրի նպատակով օգտագործելու հարցն ի՞նչ էթիկական չափորոշիչներով եք գնահատում և արդյոք պատահականություն է, որ 2015-ին ընդառաջ, 100-ամյակի նախաշեմին նման քայլ է կատարվում հայերի ունեցվածքի դեմ»,- հարց է ուղղել ընդդիմադիր պատգամավորը:

Photo: Agos