Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից ելնելով` ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ, հաղորդում է Eanews.ru գործակալությունը:
Պատժամիջոցների ցանկում են հայտնվել Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ, ընկերություններ ու տարածքներ: Խոսքը, մասնավորապես, Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, «ՎԷԲ»-ի, «Գազպրոմբանկի», «Ռոսնեֆտի» և մի շարք այլ կառույցների մասին է: Պատժամիջոցներ են սահմանվել նաև Ուրալի «Ուրալվագոնզավոդի» նկատմամբ: Նշված ընկերությունների հանդեպ սահմանվել են ֆինանսական և արտահանման սահմանափակումներ:
Նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն մեկնաբանել է ամերիկյան իշխանությունների որոշումը: Նրա խոսքով` տվյալ միջոցներն ունեն բումերանգի ազդեցություն, և երկու երկրների գործակցությունը կտանեն փակուղի, հայտնում է Европейско-Азиатские Новости պարբերականը:
Ինչպես հայտնում է ТВЦ-ն, հուլիսի 16-ին Եվրոխորհրդի նստաշրջանում եվրոպական 28 երկրների ղեկավարները համաձայնության են եկել, սակայն կոնկրետ առևտրային-տնտեսական սահմանափակումներ չեն մտցրել:
Հուլիսի վերջին Եվրոխորհուրդը մտադիր է մարդկանց ու ընկերությունների լրացուցիչ պատժամիջոցների ցանկ սահմանել:
Ավելի վաղ, չճշտված տվյալներով, Եվրոխորհրդի նվազագույնը 9 պետություն կտրականապես հրաժարվել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել: Չորեքշաբթի օրը Լիտվայի վարչապետ Դալյա Գրիբաուսկայեն հայտարարել է, որ լրացուցիչ հակառուսական քայլեր կձեռնարկվեն, սակայն տնտեսական նոր սահմանափակումների մասին խոսել դեռ վաղ է:
Հուլիսի 2-ին Եվրամիությունը որոշել է մեկ շաբաթով հետաձգել նոր պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի դեմ Ուկրաինայում իրավիճակի կապակցութամբ, հայտնում է «Ինտերֆաքսը» ԵՄ ԱԳ ծառայության վրա հղումով: Մասնավորապես, ԵՄ-ում հայտարարել են, որ նման բարդ իրավիճակի գնահատման համար լրացուցիչ ժամանակ է պետք, քանի որ վիճակը բարդանում է Ուկրաինայի արևելքում մարտական գործողությունների վերսկսման հետ:
Ինչպես հայտնում է «Քաղաքական կրթություն» հանդեսը, ԵՄ երկրները որոշել են լրացուցիչ պատժամիջոցներ չսահմանել Ռուսաստանի դեմ, չնայած որ վերջնագրի ժամկետը սպառվել է՝ հղում անելով «դրական փոփոխություններին»: «Մենք խնդրեցինք ազատել պատանդներին, և ոմանք ազատվեցին: Նոր բանակցություններ են ընթանում Ուկրաինայի ու ՌԴ առաջնորդների միջև Ֆրանսիայի ու Գերմանիայի մասնակցությամբ, այնպես որ մենք կցանկանայինք հաջորդ քայլերը տեսնել այդ ուղղությամբ»,-ասել է ԵՄ դիվանագետներից մեկը:
Մեկ այլ եվրոպացի դիվանագետ նշել է. «Մեզ համար դեռ պարզ չէ, արդյոք իրավիճակն անընդունելի է թե ընդունելի է: Այն չափազանց անկայուն է այս փուլում որոշում կայացնելու համար»:
ԵՄ երրորդ աղբյուրն ասաց. «Կա որոշակի դրական շարժ ՌԴ և Ուկրաինայի սահմանին հսկիչ անցակետերի հարցում: Բայց ԶԼՄ-ներում բոլոր իրադարձությունները չէ, որ արտացոլվում են»: