23 հուլիսի 2014 - 17:12 AMT
Հայոց ցեղասպանություն. Թուրքիայում նախագահի թեկնածուն խոստանում է «առերեսվել» պատմության հետ

Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴՀ-HDP) առաջադրած հանրապետության նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը թուրքական NTV-ի` «Խոսում են թեկնածուները» հաղորդման ժամանակ ներկայացրել է իր ծրագիրը:

«Եթե ես ընտրվեմ, իմ առաջին գործը լինելու է Թուրքիայի օրակարգ բերել նոր սահմանադրություն: Միակ առաջնահերթությունս դա է: Անգամ եթե իմանամ` 1 ամիս եմ լինելու նախագահ, դարձյալ ամենառաջին գործս դա է լինելու: Ցանկանում եմ, որ Թուրքիայում լինի նոր, ազատական և քաղաքացիական սահմանադրություն»,- ասել է Դեմիրթաշը` ընդգծելով, որ այդ նոր սահմանադրությամբ ոչ թե պետք է ավելանան նախագահի լիազորությունները, այլ դեռ մի բան էլ սահմանափակվեն:

Այնուհետև կարևորություն է տրվելու քրդական կարգավորման գործընթացն ավելի արագ առաջ մղելու հարցին` կայուն խաղաղություն ապահովելու համար: Դեմիրթաշը նշել է, որ հնարավոր չէ Թուրքիայի առաջիկա 100 տարվա տեսլականը ձևավորել առանց սրբագրելու անցյալում արած սխալները:

«Կա ժխտվող Հայոց ցեղասպանության հարց, կան Դերսիմի, Սիվասի, Մարաշի, Գեզիի հարցեր: Թուրքիայում չկա մի հատված, որը վնաս կրած կամ տուժած չլինի: Այս ամենի հետ ռեալ առերեսվենք, որ եղբայրությունը մեր միջև ավելանա»,- նշել է Դեմիրթաշը:

Ըստ նրա` անցյալի վատ իրադարձությունները չպետք է անտարբերության մատնել, դա կարևոր է, որպեսզի հասարակության մեջ միմյանց հանդեպ վստահություն սերմանվի, գրում է Panorama.am-ը:

Թուրքիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն օգոստոսի 10-ին: Եթե առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չհավաքի անհրաժեշտ 51%-ը, օգոստոսի 24-ին տեղի կունենա 2-րդ փուլը: Գործող նախագահ Աբդուլահ Գյուլի ղեկավարման 7-ամյա ժամկետը լրանում է օգոստոսի 28-ին:

Հուլիսի 1-ին Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը նախագահի ընտրություններում առաջադրել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը: Ինչպես առաջադրմանը նվիրված ելույթում հայտարարել է Էրդողանը, օգոստոսյան ընտրությունները պետության կյանքում պետք է «նոր դարաշրջան» բացեն:

Հուլիսի 22-ին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական ATV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան կառավարման խորհրդարանական ձևից պետք է անցում կատարի նախագահականի: Նրա խոսքով` նախագահական կառավարումը կարող է օգտակար լինել Թուրքիայի հետագա զարգացմանը:

«Եթե ինձ նախագահ ընտրեք, ես կպաշտպանեմ ազգի շահերը»,- խոստացել է քաղաքական գործիչը: Նա ընտրություններին կմասնակցի «Ազգի կամքն ազգի ուժն է» և «Էրդողանը` ժողովրդի ներկայացուցիչ» կարգախոսներով:

Էրդողանի առաջադրումից օրեր անցթուրքական ընդդիմադիր Taraf պարբերականը «Էրդողանի կողմից 2-րդ ժեստը Հայաստանին» հոդվածում գրեց, որ Թուրքիայի կառավարությունը ծրագրում է բացել ղարաբաղյան պատերազմի պատճառով 1993-ին փակված և տարիներ շարունակ փակ մնացած Հայաստան-Թուրքիա սահմանը:Ըստ հոդվածի հեղինակի` դա կլինի Թուրքիայի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Ռեջեփ Թայիփ Էրդողանի 2-րդ քայլը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:Առաջին քայլն ապրիլի 23-ի ցավակցական ուղերձն էր:Թուրքիայի ԱԳՆ-ն պաշտոնապես հերքել է սահմանը բացելու մասին լուրերը:

Photo: Mk-turkey.ru