26 հուլիսի 2014 - 15:53 AMT
Ադրբեջանցի դիվերսանտների հարազատներն օգնություն են խնդրում Պուտինից. ԼՂՀ-ն հայտարարում է` ոչ թե գերի են, այլ` հանցագործ

Քարվաճառի տարածք ներթափանցած ու ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից կալանավորված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի ու Շահբազ Գուլիևի ընտանիքների անդամները դիմում են կազմել՝ հասցեագրված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինին: Խնդրագիրը ստորագրել են Ասկերովի կինը՝ Փիրուզա Ասկերովան, նրա որդին՝ Քյուրդօղլու Ասկերովն ու Գուլիևի կինը՝ Ալբինա Վեսելովան:

Ինչպես հայտնել է Ադրբեջանի փախստականների ու բռնի տեղահանվածների պետական կոմիտեն, նրանք խնդրում են ազատ արձակել այդ անձանց:

Ասվում է, որ խնդրագրին կցվել են Դիլհամ Ասկերովի ու Ալբինա Վեսելովայի անձնագրերը, որոնք, ըստ վերոնշյալ ադրբեջանական կոմիտեի, ՌԴ քաղաքացիներ են:

Սակայն Ադրբեջանում ՌԴ դեսպանությունը հայտարարել է, որ Դ. Ասկերովը Ռուսաստանի քաղաքացի չի հանդիսանում, հայտնել է ԱՊԱ գործակալությունը:

Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը, բարի կամք դրսևորելով, հաշվի առնելով փաստը, որ 1993 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միակողմանի ընդունել է Ժնևի 1949թ. Կոնվենցիան, իսկ 2002թ., որպես հավելում, նաև քառակողմ համաձայնագիր է կնքվել ԼՂՀ իրավապահ մարմինների և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջև, դիմել է Ադրբեջանի Հանրապետության՝ ԼՂՀ տարածքում ձերբակալված քաղաքացիների գործը քննող քննիչին՝ ձերբակալվածների հետ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչների տեսակցությունը թույլատրելու խնդրանքով: Քննիչը հանձնաժողովի միջնորդությունը բավարարել է:

Հանդիպումը կայացել է այսօր՝ հուլիսի 26-ին:

«Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը, հիմք ընդունելով անօրինական կերպով ԼՂՀ տարածք մուտք գործելու և մի շարք ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալները, համարում է, որ ի դեմս Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի, Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի և քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված անձի, գործ ունենք առնվազն հատուկ պատրաստվածություն անցած հանցավոր խմբի հետ, որի գործողությունների արդյունքում այս պահի տվյալներով կա 2 զոհ, այդ թվում՝ մեկը՝ անչափահաս, և մեկ ծանր վիրավոր:

Հենվելով ունեցած և արդեն հրապարակված տվյալների վրա՝ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը հայտարարում է, որ նշված անձանց վրա չի տարածվում «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի կոնվենցիան, քանի որ նրանք չեն համապատասխանում կոնվենցիայով սահմանված կատեգորիաներից որևէ մեկին:

Հաստատված համարելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ այդ անձանց թշնամական գործողությունները և հենվելով Ժնևի 4-րդ կոնվենցիայի 5-րդ հոդվածի վրա՝ հանձնաժողովը հայտարարում է, որ նշված անձանց վրա չի տարածվում նաև ՙՊատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին՚ Ժնևի կոնվենցիան, միաժամանակ վստահեցնում, որ նրանց նկատմամբ դրսևորվում է մարդասիրական վարվելակերպ՝ Ժնևի 4-րդ կոնվենցիայի 3-րդ մասով սահմանված նորմերի շրջանակներում, և հետագայում էլ, քրեական հետապնդման ժամանակ, նրանք օգտվելու են արդարացի դատաքննության իրավունքից:

Ինչ վերաբերում է խմբի երրորդ՝ սպանված անդամին, Պետական հանձնաժողովն իր պատրաստակամությունն է հայտնում անձը պարզելուց և քննչական գործողությունների ավարտից հետո Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպության հետ համագործակցել դիակը հարազատներին հանձնելու հարցում ևս: ԿԽՄԿ-ն կարող է զգալի արագացնել գործընթացը՝ այդ անձի ինքնությանը վերաբերող պաշտոնական հարցում ուղղելով Ադրբեջանի Հանրապետությանը և հավաստի տեղեկատվություն ստանալով»,-ավում է հայտարարության մեջ:

Ադրբեջանական ստորաբաժանումները, պարբերաբար խախտելով հրադադարի ռեժիմը ԼՂՀ ԶՈւ հետ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին, գնդակոծում են ոչ միայն հայկական կողմի մարտական դիրքերը, այլ նաև սահմանամերձ գյուղերը, ինչը կորուստների պատճառ է դառնում նաև խաղաղ բնակչության շրջանում: Բացի այդ, ադրբեջանական կողմը դիվերսիոն փորձեր է ձեռնարկում:

Հուլիսի 19-ին Ադրբեջանի Հանրապետության հետախուզության առաջադրանքով նույն պետության քաղաքացիներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնված 1960թ.), Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը (ծնված 1968թ.) և ինքնությունը չպարզված անձը, կրելով ռազմամթերք ու հրազեն, ապօրինի հատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը, մուտք են գործել Շահումյանի շրջանի վարչական տարածք:

Հատուկ առաջադրանքով հավաքագրել են տեղեկություններ` դրանով իսկ կատարելով լրտեսություն, իսկ հուլիսի 4-ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումեն» կոչվող տեղամասից զենքի գործադրմամբ բացահայտ առևանգել են անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ում դին հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:

Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էր ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը, որի արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել էին։ ԼՂՀ Շահումյանի շրջանի տեղամասում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիների կողմից կատարված դիվերսիոն գործողություններիփաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ։

Կազմակերպված հանցավոր խմբի` ինքնությունը չպարզված անձը հուլիսի 11-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Վարդենիս-Քարվաճառ ճանապարհատվածի 32-րդ կիլոմետրին, ազգային ատելության շարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ Երևան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի 11 բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ և ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերելու ընթացքում` վնասազերծվել:

Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը և Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը ձերբակալվել ու կալանավորվել են»: