26 հուլիսի 2014 - 16:02 AMT
«Մետաղադրամն անապատում»․ Նոր ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին

2014-ի մայիսի սկզբին Գավառում սկսել են նկարահանել «Մետաղադրամն անապատում» լիամետրաժ պատմագեղարվեստական ֆիլմը, որի սցենարի հեղինակներն են ԱՄՆ քաղաքացի, բարեգործ, «Քրիստոնեությունը Հայաստանի խաչմերուկներում» գրքի հեղինակ Ռոբերտ Բեքման Բրինը և Արփի Աղոյանը:

Ֆիլմի հիմքում 1915-ի պատմական իրադարձություններն են, հայ ժողովրդի գաղթն ու ցեղասպանությունը: Նկարահանումները սկսվել են Երևանում և Գավառում, Սևանա լճի մերձակայքում, Կարմիր գյուղում, Դալարիկ, Տաթև գյուղերում, իսկ օգոստոսից կշարունակվեն ԱՄՆ-ում, գրում է «Հետք»-ը: Գլխավոր դերերում Մարտուն Ղևոնդյանն ու Բյուրեղիկ Մնեյանն են: Գլխավոր հերոսուհուն՝ Սառա Սենդերսին, մարմնավորում է Արփի Աղոյանը:

Հայոց ցեղասպանությանը նվիրված «Մետաղադրամն անապատում» ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2015-ի ապրիլի 24-ին, Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ըստ Ռոբերտ Բրինի` ֆիլմն ուսուցողական, տեղեկատվական միջոց է, որը մի փոքր քայլ կլինի դեպի Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Թեև ֆիլմի պրիմիերան կայանալու է Հայաստանում, այն նախատեսված է Հայաստանից դուրս գտնվող անգլախոս հանրության համար, որոնցից շատ քչերն են տեղեկացված Հայաստանի պատմական ողբերգական իրողության մասին»,- նշել է Բեքման Բրինը:

Եղեռնի մասին առաջին ֆիլմը` «Հոգիների աճուրդը», նկարահանվել է 1919-ին Հոլիվուդում: Թեմային է անդրադարձել նաև կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը՝ 2002-ին նկարահանելով իր «Արարատը»: Թեմային անդրադարձ կան նաև Էլիա Քազանի «Ամերիկա, Ամերիկա» ու Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմերում: 2007-ին Բեռլինի կինոփառատոնում Տավիանի եղբայրները ներկայացրեցին թեմային անդրադարձող ևս մեկ ֆիլմ` «Արտույտների ագարակը»: