30 հուլիսի 2014 - 13:49 AMT
Ցեղասպանության մասին ֆիլմի թուրք ռեժիսորը Համբուրգի կինոփառատոնում մրցանակի է արժանացել

Ծագումով թուրք գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինը, որի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Սպի» ֆիլմը ներկայացվելու է Վենետիկի կինոփառատոնում, Համբուրգի կինոփառատոնի շրջանակներում մրցանակի է արժանացել, տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը:

Փառատոնի տնօրեն Ալբերտ Վիդերշպիլը նշել է, որ Աքինը օրինակ է ծառայում թե՛ Թուրքիայում, թե՛ Գերմանիայում բնակվող ռեժիսորների մի ամբողջ սերնդի համար: Նա հիշեցրել է, որ համբուրգցի ռեժիսորի ֆիլմերի մեծ մասը հենց Համբուրգ քաղաքում են նկարահանվում: «Այդկերպ Աքինը նպաստում է, որ մեր քաղաքը, մեր ֆիլմերը տեղ գտնեն համաշխարհային քարտեզին»,-ասել է Վիդերշպիլը:

Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը նվիրված «Սպի» ( «The Cut») ֆիլմի պրոդյուսերն ու սցենարիստը Ֆաթիհ Աքինն է: 138 րոպեանոց ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած Նազարեթ Մանուկյանի մասին: Ցեղասպանությունից մեկ տարի անց նա իմանում է, որ իր զույգ աղջիկները հնարավոր է փրկվել են, և նրանց փնտրելով հասնում մինչև Հյուսիսային Դակոտա: Անգլալեզու ֆիլմում նկարահանվել են դերասաններ Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Գազինը և այլք:

«Կարծում եմ` չարացվածությունն ապրում է մեր մեջ ծննդյան օրից: Ինձ համար հետաքրքիր էր բացահայտել, որ չարացվածությունն անցման գործընթաց է բարությունից և որ գոյություն ունի նաև հակառակը: Այդ երկու հասկացությունները փոխկապակցված են: Օրինակ, մարմնի գեղեցիկ մասերի հետևում կարող է չարորակ ուռուցք թաքնված լինել: Նույն կերպ, նույն անձը կարող է ինչպես ամենաբարի արարքը գործել, այնպես էլ՝ ամենադաժան հանցագործությունը:

Մենք դեռ պետք է բացահայտենք, թե երբ կդադարենք ապրել սահմանի երկու կողմերում՝ բաժանված լինելով կրոնական, ազգային պատկանելությամբ»,-իր մտորումներն է ներկայացրել Ֆաթիհ Աքինը:

Ազգությամբ թուրք Ֆաթիհ Աքինը ծնվել է գերմանական Համբուրգում, ուր նրա ծնողները գաղթել էին Թուրքիայից: 2000-ին ավարտել է Համբուրգի գեղարվեստի համալսարանը: 1993-2004 թթ. աշխատել է Համբուրգի Wüste կինոընկերության հետ: 2003-ին հիմնել է Corazon միջազգային կինոընկերությունը, 2005-ին դասախոսել Համբուրգի գեղարվեստի համալսարանի գեղարվեստի քոլեջում:

Նա իր առաջին աշխատանքը ներկայացրել է 1998-ին: «Արագ և անցավ». այսպես է կոչվել նրա առաջին դեբյուտային աշխատանքը, որի համար Շվեյցարիայում արժանացել է «Բրոնզե լուսան» կինոմրցանակին:

Եղեռնի մասին առաջին ֆիլմը` «Հոգիների աճուրդը», նկարահանվել է 1919-ին Հոլիվուդում: Թեմային է անդրադարձել նաև կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը՝ 2002-ին նկարահանելով իր «Արարատը»: Թեմային անդրադարձ կան նաև Էլիա Քազանի «Ամերիկա, Ամերիկա» ու Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմերում: 2007-ին Բեռլինի կինոփառատոնում Տավիանի եղբայրները ներկայացրեցին թեմային անդրադարձող ևս մեկ ֆիլմ` «Արտույտների ագարակը»: