3 օգոստոսի 2014 - 02:08 AMT
ՀՀ վարչապետ․ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հնարավոր է օգոստոսի 8-9-ին հանդիպեն

Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում պատասխանելով ԶԼՄ-ների հարցերին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հնարավոր է եկող շաբաթ հանդիպեն Սոչիում, որտեղ կբանակցեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։

Ըստ վարչապետի՝ նախագահների հանդիպումը, ըստ ամենայնի, կկայանա օգոստոսի 8-9-ին, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին բանակցությունները նոյեմբերին էին՝ Վիեննայում։ Մինչ այդ երկու երկրների ղեկավարները չէին հանդիպել մոտ երկու տարի:

Վարչապետն անդրադարձել է նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին՝ ընդգծելով, որ ՀՀ-ն պատրաստ է ԼՂ հակամարտությունը կարգավորել խաղաղ բանակցությունների ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով:

Հովիկ Աբրահամյանն Ադրբեջանին հորդորել էթոթափել լարվածությունը, եթե ոչ` Հայաստանը թշնամուն լռեցնելու ուժ ունի: «Կա հրադադարի պայմանագիր, և Ադրբեջանի կողմից յուրաքանչյուր ոտնձգության տալու ենք համարժեք և մի քանի անգամ ավելի ուժեղ պատասխան: Մենք ունենք այդ ներուժը, բայց յուրաքանչյուր զինվորի կորուստ մեզ համար, մեր երկրի, իր ընտանիքի, իր ծնողի համար ցավալի է: Մենք չենք վախենում պատերազմից և պատրաստ ենք մեր հողն ու ջուրը պաշտպանել: Ուղղակի 21-րդ դարում պատերազմով խնդիր լուծելը խելամիտ որոշում չէ, սակայն մենք նաև պարտավոր ենք մեզ պարտադրված պատերազմն ընդունել և հաղթել: Մեր բանակն ունի հավուր պատշաճի սպառազինություն և մենք մտավախություն չունենք, սակայն մեզ ցավ են պատճառում մեր զինվորների կորուստները: Տա Աստված, որ մեր հակառակորդը նավթադոլարներին զարկ տալու փոխարեն մի քիչ էլ զարկ տա առողջ դատողությանը: Երբ մարդու ֆինանսական հնարավորությունները խելքից առաջ են ընկնում, նա դառնում է ավելի վտանգավոր»,- ընդգծել է Կառավարության ղեկավարը:

Օգոստոսի 2-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ասկերանի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի վրա հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձը: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը հետ է շպրտվել իր ելման դիրքերը՝ մարտադաշտում թողնելով մեկ սպանված ասկյար:

Եվս մեկ դիվերսիայ փորձ հակառակորդը ձեռնարկել է օգոստոսի լույս 2-ի գիշերը՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և, վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտել ելման դիրքեր: Դիմակայության ընթացքում զոհվել է ԼՂՀ ՊԲ զինծառայող Զորիկ Գևորգյանը, ով ավելի ուշ Արցախի նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով», ՀՀ նախագահի՝«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտարարել է 4 զոհի ու մի քանի վիրավորի մասին։

Օգոստոսի լույս 1-ի գիշերը հակառակորդը նույնպես դիվերսիոն ներթափանցման փորձ էր ձեռնարկել, որի արդյունքում հայտնել էր իր 8 զինծառայողի կորուստի մասին: Ըստ որոշ տվյալների, հակառակորդը 11-14 զոհ էր տվել ու մոտ 30 վիրավոր: Հայկական կողմը կորուստներ չէր ունեցել։

Հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր ձեռնարկել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության ու բազմաթիվ կորուստներ կրելով հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր:

Գործողության արդյունքում զոհվել էր ՊԲ 2 զինծառայող՝ Արարատ Խանոյանը և Աշոտ Ասոյանը, ավելի ուշ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նրանք հետմահու պարգևատրվել ենՄարտական ծառայության մեդալով։Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդից առգրավվել էր մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:

Անհաջող հարձակման մասին լուրերից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, թե ադրբեջանական զինված ուժերում կորուստների մասին տեղեկությունն «անհիմն է»։ Բայց մոտ 3 ժամ անց նույն գերատեսչությունը հայտարարել է զինծառայող Ահմեդով Գարյագդի Էլդար-օղլուի մահավան մասին։ Ըստ նախարարության, «միջադեպը տեղի է ունեցել Աղդամի շրջանի Չիրաղլի գյուղի մոտակայքում»։ Ավելի ուշ հակառակորդը հայտնել էր հայ-ադրբեջանական սահմանին Ղազախի շրջանում 1977-ին ծնված Ադրբեջանի ԶՈւ ենթասպա Ալմազով Իսա Զիյադ օղլուի մահվան մասին: