27 մայիսի 2006 - 16:10 AMT
Յուրաքանչյուր պետություն պետք է իր ջանքերը ուղղի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը
Յուրաքանչյուր պետություն, յուրաքանչյուր շահագրգռված կողմ պետք է իր ջանքերը ուղղի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Դա առջին հերթին վերաբերում է Հայաստանին, ինչպես նաեւ այլ շահագրգռված կողմերին, այդ թվում եւ Եվրամիությանը: Այդ մասին հայտարարել է Բաքվում Թուրքիայի դեսպան Թուրան Մորալին: «Միայն վիճելի հարցերի կարգավորումից հետո հնարավոր կլինի խոսել հայ-թուրքական սահմանի բացման մասին»,- ասել է դեսպանը` նշելով, որ խնդիրների ամբողջությունն ու սահմանի բացմանը առնչվող իրադարձությունների զարգացման ընդհանուր դինամիկան ամբողջությամբ տարբերվում են:

«Ինչպե՞ս կարելի է բացել հենց Հայաստանի կողմից չճանաչված սահմանը»,- հարցրել է Թուրքիայի դեսպանը, ընդգծելով, որ տվյալ հարցը չի կարող արծարծվել ոչ ԵՎրամիության, ոչ էլ այլ կազմակերպության կողմից: «Թող Երեւանն առաջին հերթին ճանաչի Թուրքիայի հետ սահմանը եւ իրեն դրսեւորի որպես լավ հարեւան, եւ միայն հետո մենք կքննարկեն տվյալ հարցը»,- ավելացրել է թուրք դիվանագետը, հայտնում է «Թրենդը»: