30 մայիսի 2006 - 19:45 AMT
Մայիսի 31-ին կընտրվի Հայաստանի խորհրդարանի նոր խոսնակ
Մայիսի 31-ին, ժամը 12-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ` օրակարգում ունենալով Ազգային ժողովի նախագահի ընտրությունը: Համապատասխան որոշում է ստորագրել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Տիգրան Թորոսյանը, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` կատարում է ԱԺ նախագահի պարտականությունները: Արտահերթ նիստին կընտրվեն նաեւ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները, հայտնում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:

Նշենք, որ մայիսի 29-ին Արթուր Բաղդասարյանը հասաստեց իր հրաժարականը խորհրդարանի խոսնակի պաշտոնից: Մայիսի 25-ին խորհրդարանը ընդունել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանի ու սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանի հրաժարականները: Նրանք երկուսն էլ հնադիսանում էին «Օրինաց Երկիր» կուսակցության անդամներ: